azatutyun.am Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ թույլտվություն չի ստացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը խաղաղ ակցիա անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ:
«Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության փոխանցմամբ՝ համայնքի վարչության անդամ Ժանետա Բաղդասարյանը փոխանցել է, որ սահմանված ժամկետներում գրավոր դիմում են հղել Թբիլիսիի քաղաքապետարան և ներքին գործերի նախարարություն, սակայն տվյալ տեղում ակցիան անցկացնելու մերժում են ստացել:
Ըստ Բաղդասարյանի՝ պատասխանում ասված էր, որ համաձայն հավաքների և ցույցերի մասին Վրաստանի օրենքի՝ ներքին գործերի նախարարությունը պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և ակցիաների վայրերում ապրող, աշխատող կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց իրավունքների միջև: Այդ անձանց գործունեության շարունակումը չպետք է սահմանափակվի:
ՆԳՆ-ն նաև պարտավոր է հավասարակշռություն ապահովել հավաքների ազատության և հանրային անվտանգության, կարգուկանոնի, տրանսպորտի և քաղաքացիների ազատ տեղաշարժի, ինչպես նաև մարդու այլ իրավունքների և ազատությունների միջև:
«Հայ համայնքը հրաժարվում է ակցիան անցկացնել այլ վայրում, մենք չենք դիտարկում ակցիայի անցկացումը Թուրքիայի դեսպանատան մոտի տարածքից բացի այլ հասցեում: Այդ իսկ պատճառով մենք ոչինչ անցկացնել չենք պատրաստվում», – ասել է Բաղդասարյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում