678549443_1000355029181350_7204556809540483528_n

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Էմանուել Գրեգուարի հրավերով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանն ու դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։

«Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները:

Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի նորընտիր քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության համար և Հայոց ցեղասպանության 111 ամյակին նվիրված ընդունելության կազմակերպման համար։

Դեսպանն ընդգծել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին և շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած մշտական աջակցության համար` կարևորելով Ֆրանսիայի դերակատարումը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։

Դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ, հարգելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանը շարունակում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը՝ ընտրելով խաղաղության ուղին։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները միջազգային հարթակներում նպաստում են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։

Քաղաքապետարանի սրահը լուսավորված էր Հայաստանի դրոշի գույներով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն