254c20d0-8708-4a15-a31b-a22750005571_w1023_r1

Արաղչին կոչ է արել ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ | azatutyun.am

azatutyun.am  Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Օմանի սուլթան Հեյսամ Բեն Թարիք ալ-Սայիդի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում ուժեղացնում է անկայունությունն ու պառակտումը: Արաղչին կոչ է արել Մերձավոր Արևելքում ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ, որը զերծ կլինի արտաքին միջամտությունից:

Նրանք քննարկել են Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի ջրերում անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև իրանա-ամերիկյան հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը, ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն