Daniel

Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը․ Դանիել Իոաննիսյան

Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:

Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:

Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:

Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:

Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում)»,- գրել է նա։

Ավելի վաղ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել էր, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ենթադրյալ խախտումներ է հայտնաբերել «Իմ քայլը» հիմնադրամի՝ վերջին ամիսների գործունեության մեջ, ուստի դիմել են վարչական դատարան՝ վարչական պատասխանատվության ենթարկելու հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին:

Ավելի ուշ, Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս էր հրավիրել և հայտարարել , որ փաստաբանական թիմը հաղորդում կներկայացնի Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն