arm.sputniknews.ru Երևանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է ընթանում։ Ցուցարարները, որոնց թվում նաև ընդդիմադիր գործիչներ կան, պահանջում են, որ ԵՄ կառույցներն աչք չփակեն ՀՀ կառավարության գործողությունների վրա և բարձրաձայնեն այն ճնշման մասին, որ կիրառվում է ընդդիմադիր ուժերի, ոչ իշխանամետ լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ։
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի 6 քաղաքական ուժեր Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցող պետությունների ղեկավարներին և ԵՄ ղեկավարությանը նամակ են հասցեագրել` նշելով, որ ԵՔՀ գագաթնաժողովի անցկացումը Երևանում հղի է վտանգավոր քաղաքական ուղերձի հղումով, այն է` ժողովրդավարական նահանջը կարող է անտեսվել, երբ դա քաղաքականապես հարմար է։
Ընդդիմադիր ուժերն այսօր նամակ հանձնեցին ՀՀ–ում ԵՄ–ի դեսպանին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որը նույնպես մասնակցում է այսօրվա ակցիային, ընդգծեց, որ Եվրոպական կառույցներն ու հանձնաժողովները քաջատեղյակ են Հայաստանում ստեղծված իրավիճակից։
Նրա խոսքով՝ Եվրոպական կառույցներն իրենց նամակի կարիքը չունեն և իրենց տարեկան զեկույցներում հստակ փաստաթղթավորում են Հայաստանում իշխանություններից կախյալ դատական համակարգի գործողությունները, շինծու, քաղաքականացված քրեական գործերը և մարդու իրավունքների խախտումները։
«Խնդիրն այն է, որ համարժեք արձագանք չկա, քանի որ նրանք բավականին հավատարիմ են Փաշինյանին», – լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի բազմաթիվ անդամների մոտ կա տպավորություն, որ այսօր եվրոպացիները մտահոգված չեն իրենց հռչակած արժեքներով, մարդու իրավունքներով և ազատություններով։