l-0x68wh-1600x933z-0-4913

Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն այսօր Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ (Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր) «Հայաստանի ջրամբարների կառավարման կարողությունների բարելավում՝ կլիմայական ռիսկերին դիմակայունության համար» ծրագրի մոնիթորինգային այցին։ Այդ մասին հայտնում են Ջրային կոմիտեից:

«Ներկա են եղել նաև ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն – ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ու պաշտոնատար այլ անձինք։

1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվել է Ճապոնիայի կառավարության կողմից։

Այցի ընթացքում ներկայացվել են ծրագրի հիմնական ուղղություններն ու արդյունքները.

Ծրագրի շրջանակում տեղադրվել են հիդրոլոգիական, օդերևութաբանական և ջրաչափական կայաններ՝ Ապարանի, Ազատի, Մեծավանի ջրամբարներում, ինչպես նաև Աղստևի և Այրումի դիտակետերում։

Ազատի ջրամբարում տեղադրվել են պատվարի անվտանգության ժամանակակից սարքավորումներ։ Ապարանի և Ազատի ջրամբարներում իրականացվել են երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով արդիականացվել է ջրածածկման գոտում գտնվող համայնքային աղետների ռիսկի կառավարումը։

Տեղադրվել է եղանակի թվային կանխատեսման համակարգ, որն ապահովում է համայնքային մակարդակում եղանակի առավել ճշգրիտ կանխատեսում։

Մշակվել է ջրամբարների կառավարման և պատրաստվածության օրինակելի պլանը, որը նախատեսվում է գործարկել ՀՀ բոլոր խոշոր ջրամբարների համար։ Մշակվել է նաև ջրամբարի պատվարի ռիսկի գնահատման ուսումնական ծրագիրը, որը փոխանցվել է ՆԳՆ կրթահամալիր՝ վերջնականացման և ներդրման համար։

ՄԱԿ-ի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4All) նախաձեռնության շրջանակներում մշակվել և վավերացվել է ՀՀ վաղ նախազգուշացման համակարգերի ճանապարհային քարտեզը։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, շնորհավորելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որը ՀՀ կառավարությունը ստացել է Ճապոնիայի կողմից։ Նա նշել է, որ Հայաստանը թե՛ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, թե՛ Ճապոնիայի կառավարության հետ իրականացնում է մի շարք կարևոր և շարունակական ծրագրեր։

ՋԿ նախագահի խոսքով՝ ծրագրերն ունեն առանցքային նշանակություն կլիմայի դիմակայունության բարձրացման, ռիսկերի կառավարման և ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ջրամբարների ոլորտում։

Նա ընդգծել է, որ ջրային ռեսուրսների կառավարման համակարգում առկա մարտահրավերների պայմաններում համագործակցության շարունակականությունն առաջնային է։

Եզրափակելով ելույթը Ղալամքարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս Ջրային կոմիտեի, նշանակալի ներդրումներ է կատարում ջրամբարների ենթակառուցվածքներն արդիականացնելու համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն