c1b0b5db-8471-4547-056c-08de3c642a38_cx0_cy3_cw0_w1023_r1

Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման հեռանկարները․ հնդկական մամուլ | azatutyun.am

azatutyun.am «Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, ռազմավարական գործակցության խորացման և զինված ուժերի արդիականացման հեռանկարները», – հաղորդում է The New Indian Express պարբերականը՝ տեղեկություններ հաղորդելով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած այցի մասին։

Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը պնդում է, որ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակները իր տարածքում արտադրելու տարբերակները։

«Հնդկաստանի Պաշտպանության միավորված շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկում են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը», – գրում է The New Indian Express-ը։

Թերթի պնդմամբ՝ այդ դեպքում հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը դուրս է գալու «ավանդական գնորդ-վաճառող տրամաբանությունից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության կազմակերպում»։

«Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերը իր տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները», – գրում է թերթը։

 Հիշեցնենք՝ Պաշտոնական այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը երեկ հանդիպել էր Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի հետ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն