Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Արսեն Թորոսյան

Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. Արսեն Թորոսյան

Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը էականորեն նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվության աճին՝ կրճատելով նաև գործազրկության, այդպիսով նաև աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները։

Այս մասին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մոտ է ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ինչին հաջողվել է հասնել բացառապես աշխատանքի շնորհիվ։

Նախարարի խոսքով`տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու յուրաքանչյուրի ներդրումը Հայաստանի զարգացման, տնտեսական առաջընթացի և հասարակական բարեկեցության ապահովման գործում։

«Ձեր ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ և բարեկեցիկ ներկան ու ապագան»,-նշել  է Թորոսյանը:

Նա ընդգծել է, որ աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ․ այն նաև անձի ինքնադրսևորման, անձնական և մասնագիտական աճի, սեփական ներուժն անկախ ամեն ինչից լիովին իրացնելու առանցքային պայմաններից է, և պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա արժանապատիվ, անվտանգ և ստեղծարար աշխատանքի հնարավորություն։

«Այս նպատակով հետևողականորեն իրականացվում են աշխատաշուկայի զարգացմանը, աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խթանմանը միտված քաղաքականություններ»,-հավելել է Թորոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն