«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել տեղեկությունները, ըստ որոնց՝ կառավարությունը Կարապետյանների ընտանիքին առաջարկել է ՀԷՑ-ը ձեռք բերել 23,3 միլիարդ դրամով՝ պայմանով, որ ընկերությանը պետք է վերադարձվի վերջին տասը տարվա շահաբաժինը:
«Մենք չենք մեկնաբանում այդպիսի ինֆորմացիաներ, որովհետեւ ՀԷՑ-ը կամ նման ուրիշ կառույցներ մեզ համար այս պահին երրորդական են: Մեր հիմնական խնդիրը մեր հայրենիքում մեծ փոփոխություն բերելն է: Իսկ թե ինչ ապօրինություններ կարող են անել, ինչ ուզում են՝ կարող են հնարել եւ ասել, մենք չենք ուզում քննարկել:
Մի բան է ցավալի, որ հետո դժվար է լինելու ներդրողին համոզել, որ երկիրը դզվել է, երկիրը հարգում է անձնական սեփականությունը, եկեք, ներդրումներ արեք այստեղ: Մեր գործը դժվարացնում են իրենք, ապագա կառավարության գործերը դժվարացնում են այնքանով, որ ամենամեծ բիզնեսների ունեզրկման փորձերով իրենք ընդհանուր երկրի վարկանիշն են կորցնում, եւ մենք փորձելու ենք ինչ-որ ձեւ դա վերականգնել»,- ասել է Նարեկ Կարապետյանը:
Ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։