3pmirdaz5bmaxrf10cl1aebzc6t3tvofmiraeoi9

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները | armenpress.am

armenpress.am Երևանում մայիսի 5-ին կկայանա «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որի օրակարգում ներառված են գլոբալ և տարածաշրջանային մի շարք առանցքային թեմաներ՝ արհեստական բանականությունից և ժողովրդավարական կայունությունից մինչև էներգետիկ անվտանգություն և Հարավային Կովկասի տնտեսական հեռանկարներ։

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես կգան նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Համաժողովի շրջանակում նախատեսված պանելային քննարկումներում անդրադարձ կկատարվի Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանի դերին գլոբալ տնտեսական և լոգիստիկ գործընթացներում։ Քննարկվելու են նաև Հայաստանի հնարավորությունները՝ հանդես գալու որպես կապող օղակ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։

Առանձին պանելներում կքննարկվի Հարավային Կովկասի տնտեսական և ներդրումային ներուժը, այդ թվում՝ կարևոր հումքային ռեսուրսների, կիսահաղորդիչների և տեխնոլոգիական ոլորտներում Հայաստանի հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև պանելային քննարկում՝ նվիրված ժողովրդավարական կայունությանը, հիբրիդային սպառնալիքներին և արհեստական բանականության ազդեցությանը ընտրական գործընթացների վրա։ Քննարկվելու է, թե ինչպես են նոր տեխնոլոգիաները ազդում տեղեկատվական միջավայրի, հանրային վստահության և ընտրողների վարքագծի վրա։ Օրակարգում ներառված են նաև Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ռազմավարական ինքնավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև բազմաբևեռ աշխարհակարգում երկրների ռազմավարական ընտրությունների քննարկումներ։

Քննարկվելու են նաև արհեստական բանականության կարգավորման և տեխնոլոգիական ինքնիշխանության հարցերը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության և «կանաչ» էներգետիկայի անցման ֆինանսավորման թեմաները։

Համաժողովի օրակարգում ընդգրկված են նաև տարածաշրջանային անվտանգության նոր մոտեցումները և միջազգային համակարգի վերափոխման պայմաններում տարածաշրջանային համագործակցության դերը։

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու են փորձագետներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ քննարկելու գլոբալ մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն