IMG_3310

Հայտնի են ՀՀ-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության ուղղությունները՝ պաշտպանություն, տնտեսություն, դիմակայունություն

Երևանում կայացած հանդիպման ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում համաձայնության են եկել ձևավորել ռազմավարական գործընկերություն՝ ուղղված պաշտպանության ու անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդավարական դիմակայունության ոլորտներում համագործակցության խորացմանը։

Երևանում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է.

«Ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի կարևորությունը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինչպես նաև միջպետական սահմանների սահմանազատման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

Ողջունելով տարածաշրջանային կապակցվածության և կայունության բարելավման նպատակով տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ շարունակվող ջանքերը՝ Կողմերը գիտակցում են, որ կայուն խաղաղությունը և կապակցվածությունը կարող են խթանել տարածաշրջանի բարգավաճումն ու անվտանգությունը: Այդ առումով Կողմերը համաձայնել են շարունակել կապակցվածության նախագծերի քննարկումը՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» և «ԹՐԻՓՓ» նախաձեռնությունները՝ որպես տարածաշրջանային կապակցվածության և տնտեսական համագործակցության ամրապնդման հարթակներ

Կողմերը հասել են հետևյալ փոխըմբռնմանը՝

Պաշտպանություն և անվտանգություն.

Կողմերը համատեղ երկարաժամկետ հանձնառություն ունեն՝ զարգացնելու Հայաստանի կարողությունները անվտանգության, դիմադրողականության և պաշտպանության ոլորտներում: Նրանք ընդգծում են տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման, Հայաստանի՝ անվտանգության փոփոխվող մարտահրավերները կառավարելու կարողությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման կարևորությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պաշտպանական համագործակցությունը, ինստիտուցիոնալ բարեփոխումները, սահմանային անվտանգությունը և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, կիբեռդիմակայունությունը և խառնածին սպառնալիքներին ավելի լայն արձագանքը: Կողմերը նաև հաստատում են իրենց մտադրությունը՝ համագործակցելու բազմակողմ հարթակներում, որտեղ համընկնում են շահերը, և առկա են հնարավորություններ:

Տնտեսական աճ և զարգացում

Կողմերը համատեղ նպատակ ունեն՝ խթանելու Հայաստանում կայուն տնտեսական աճը և դիվերսիֆիկացումը, խորացնելու երկկողմ առևտրային և ներդրումային կապերը և ամրապնդելու տարածաշրջանային կապակցվածությունը՝ այդ թվում տրանսպորտի, էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում՝ որպես կայունությունն ու բարգավաճումը խթանող գործոններ։ Նրանք գիտակցում են գործարար միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի զարգացմանն աջակցելու, ներդրումները խթանելու և փոխադարձ համաձայնությամբ որոշակի ոլորտներում համագործակցելու կարևորությունը։

Կառավարում և ժողովրդավարական դիմակայունություն.

Կողմերը ժողովրդավարական արժեքների, թափանցիկ և արդյունավետ կառավարման, ինչպես նաև ներառական ինստիտուտների նկատմամբ համատեղ հանձնառություն ունեն։ Նրանք գիտակցում են հանրային հատվածի գործունեության ամրապնդման, ազատ և արդար ընտրությունների ապահովման, խառնածին սպառնալիքներին հակազդելու, կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը խթանելու և անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության համար նպաստավոր միջավայր ստեղծելու կարևորությունը։ Նրանք նաև հանձնառու են ուսումնասիրելու երկկողմ համագործակցության հետագա հնարավորությունները, որոնք կամրապնդեն ժողովրդավարական դիմադրողականությունը։

Եզրափակիչ դրույթներ

Կողմերը համաձայնության են եկել վերոնշյալ երեք ոլորտների վերաբերյալ ռազմավարական գործընկերության ամենամյա նիստ անցկացնելու վերաբերյալ: Սա կյանքի կկոչվի արդյունքների համատեղ շրջանակային փաստաթղթի միջոցով, որը կապահովի Հայաստանի և Միացյալ Թագավորության գործողությունների միջև համահունչությունը և կապահովի մոնիթորինգի մեխանիզմ՝ առաջընթացը դիտարկելու համար: Այս հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և չի ստեղծում իրավունքներ կամ պարտավորություններ՝ համաձայն ներպետական կամ միջազգային օրենսդրության:

Այս հռչակագրի շրջանակներում գործողությունների իրականացումը կախված կլինի ռեսուրսների առկայությունից և Կողմերի համապատասխան օրենքներից ու կանոնակարգերից: Կարող են սահմանվել և փոխհամաձայնեցվել համագործակցության լրացուցիչ ոլորտներ: Այս համատեղ հռչակագիրը կարող է փոփոխվել ցանկացած պահի՝ փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել համագործակցությունը այս համատեղ հռչակագրի շրջանակներում՝ գրավոր տեղեկացնելով մյուս Կողմին առնվազն վեց ամիս առաջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն