fxlyujym9kmqcwtvbwbl8kweekzpylu2s8f7mtiv

Մակրոնը Երևանից կոչ արեց մերձավորարևելյան հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ | armenpress.am

armenpress.am Ֆրանսիան կոչ է անում Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հարգելով տարածաշրջանի երկրների շահերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով ֆրանսիացի լրագրողի հարցին:

«Ես խոսելու եմ Իրանի նախագահի հետ: Սակայն Ֆրանսիան ի սկզբանե ունի նույն դիրքորոշումը: Մենք կոչ ենք անում դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, սկսել դիվանագիտական բանակցություններ՝ հարգելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Այո, Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար՝ առանց որևիցե վճարումների և հարկադիր միջոցների: Ցանկացած էսկալացիա, ընդհանրապես բոլոր երկրների և նավերի դեմ, սխալ է, այն բերում է լարվածության էլ ավելի աճի», – ասել է Ֆրանսիայի նախագահը:

Անդրադառնալով ԵՄ նկատմամբ մաքսային վճարումների ավելացման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների վերաբերյալ հարցին՝ Մակրոնն ասել է.

«Մենք ցանկանում ենք, որ լինի արդար ու ազատ առևտուր՝ ըստ կանոնակարգերի ու համաձայնագրերի: Պետք է հարգել ստորագրված համաձայնագրերը: Եթե դրանք կասկածի տակ են դրվում, կամ եթե որևիցե երկիր պետք է սպառնալիքներ հնչեցնի, այդ դեպքում ԵՄ-ն պետք է միջամտի: Այո, ամեն ինչ սեղանին է, և ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները, ինչպիսիք են ԱՄՆ-ն և ԵՄ-ն, այլ անելիքներ ունեն, քան իրավիճակը ապակայունացնել փորձելը: Մեր ընկերությունները, մեր ընտանիքները, մեր հասարակությունները կայունության, վստահության ուղերձի կարիք ունեն: Ամեն ինչ սեղանին է, բայց հուսանք, որ խելամտությունը նորից կվերադառնա, որպեսզի ամեն ինչ լինի ներդաշնակ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն