armenpress.am Հայաստանն ու Ֆրանսիան ունեն երկկողմ հարաբերություններում հաստատված շատ լայն օրակարգ, ու ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ընդգծում է նախ առկա իրավիճակը, ինչպես նաև ստեղծում է այդ իրավիճակն առավել արդյունավետ օգտագործելու, առավել արդյունավետ իրացնելու հնարավորություններ:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին:
«Ամենակարևոր հանգամանքն այն է, որ, ի վերջո, բարձրագույն մակարդակով ստորագրվող փաստաթղթերն ուղերձ են երկու երկրների տարբեր ոլորտներին այն մասին, որ քաղաքական նպաստավոր պայմաններ են ստեղծված և գործընկերություններ հաստատելու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար առկա են բոլոր պայմանները: Կառավարությունների դերն է՝ ստեղծել հնարավորություններ, բարենպաստ մթնոլորտ, որպեսզի մասնավոր և պետական հատվածում գործող ընկերությունները սկսեն գործել: Մենք փաստաթուղթը ստորագրեցինք ու գործնականում երկու րոպե հետո բազմաթիվ նոր հնարավորություններ բացվեցին ու իրացվեցին, և այդ պրոցեսը կլինի շարունակական», – ասաց Փաշինյանը:
Հայաստանը և Ֆրանսիան ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր են ստորագրել։
Հռչակագիրը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հռչակագրի ստորագրումը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում։