689472115_1297804135871849_7233287645873910870_n

Վեդիի դեպքին առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի պահպանմամբ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դեպքի առնչությամբ տեղեկատվությունը և ևս մեկ անգամ շեշտում է, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։ Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։

Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը։

Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն