azatutyun.am Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը նախօրեին հայտարարել է, որ կրկին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որոնց ընթացքում վերահաստատել է Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության կարևորությունը։
Մակրոնը հավելել է, որ Իրանի նախագահին կոչ է արել դիտարկել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջարկած ծրագրերը՝ ստեղծելու միջազգային առաքելություն, որը հիմք կստեղծի Հորմուզի նեղուցով անվտանգ անցում ապահովելու համար։
«Ես Իրանի նախագահին կոչ եմ արել օգտվել այս հնարավորությունից, և մտադիր եմ այդ հարցը քննարկել նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – X-ում գրել է Էմանյուել Մակրոնը:
Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն «ընդգծել է, որ Իրանը, միջազգային օրենքների շրջանակում, պատրաստ է լրջորեն շարունակել դիվանագիտական ուղիները՝ պատերազմին վերջ տալու և իրանցի ժողովրդի իրավունքների իրացման համար»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը ԱՄՆ-ին և Իրանին կոչ էր արել համատեղ վերաբացեն Հորմուզի նեղուցը.- «Մենք ամենից շատ ցանկանում ենք, որ Իրանն ու ԱՄՆ-ն համատեղ վերաբացեն նեղուցը։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա Հորմուզի նեղուցը վերաբացել մշտապես, ապահովել ազատ նավարկությունը և դա անել առանց սահմանափակումների կամ վճարների», – ընդգծել էր Էմանյուել Մակրոնը:
Պատերազմի սկսվելուց ի վեր Իրանը խիստ սահմանափակել է ջրային այս կարևոր ուղով երթևեկությունը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ-ն իր հերթին շրջափակել է իրանական նավահանգիստները։