news.am Վեդիի դեպքը բացահայտվել է օպերատիվ մարմինների ահազանգի արդյունքում, այսինքն իրավապահներն են բացահայտել այդ դեպքը և նրանք են քննություն անում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքին և նրան, որ թեև դեպքը եղել է 3 ամիս առաջ և շարունակվել է, սակայն միայն լրատվամիջոցների աղմուկից հետո են իրավապահները տեղից շարժվել։
«Ես գիտեմ կոնկրետ լրագրողներ, որոնք իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում։ Դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված և իհարկե այդ անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք, մի մասին հեռացրել ենք։
Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում, բա դուք որտեղի՞ց եք իմացել այդ գործի մասին։ Իրավապահներից են ձեզ ինֆորմացիա տվել, դուք էլ ինֆորմացիան տպել ենք։
Դեպքերը ընթացք են ստացել օպերատիվ մարմինների կատարած աշխատանքի արդյունքում։ Եթե օպերատիվ մարմինները իրենց աշխատանքը չկատարեին, դուք այդ դեպքերի մասին չէիք իմանա, ինչպես չգիտեիք նախկինում։
Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-2019 թվականներին կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել, և մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ-աղաղակ էին անում, ասում էին՝ էս ի՞նչ եք անում, մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում։ Այս նման դեպքերի պատասխանատուն նաև այն մարդիկ են, որոնք քաղաքացիական հասարակության և կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին՝ թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության և կրթական աստիճանը բարձրացնել։
Ես վախենամ՝ այդ դեպքերը շատ ավելի ծավալով մեծ են, քան մենք ընդհանրապես դրա մասին պատկերացում ունենք։ Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ կան, որոնք տասնամյակով են այդ երևույթների դեմ պայքարում և նրանք անընդհատ լրատվամիջոցների և քաղաքական ուժերի թիրախում են որպես ապազգային, որպես մեզ ավանդական արժեքների դեմ գործող կազմակերպություններ։ Այս փաստերը ի ցույց են դնում, որ ավանդական արժեքների պաշտպանության դիրքերից որոշ դեպքերում հանդես են գալիս ուղիղ կամ ուղղակի հանդես են գալիս մանկապղծությունը պաշտպանողները»,– հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատանքին, վարչապետը նշեց, որ իրենք իրավապահ համակարգը բարեփոխել են և կշարունակեն բարեփոխել։
Վերջին օրերին հանրային քննարկման տիրույթում է Արարատի մարզի Վեդի համայնքում տեղի ունեցած մանկապղծության դեպքը, ըստ որի՝ երկու հարազատ քույրեր ենթարկվել են սեռական բռնության։
Քննչական կոմիտեի խոսնակը մանրամասներ ներկայացրեց միջադեպի վերաբերյալ՝ նշելով, թե քույրերը իրարամերժ ցուցմունքներ են տվել դեպքի վերաբերյալ, մեկը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննությունից:
Այս պահին հայտնի է, որ երկու անձ ձերբակալված է, և նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: