ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատի է տալու «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին։
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ», – ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ասուլիսի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին լրագրողները հարցրին՝ ինչպես է մեկնաբանում ընտրություններին ընդառաջ Փաշինյանի հայտարարությունները, լրագրողը մասնավորպես նշեց․ «Վարչապետը Ձեր հասցեին նշեց՝ վախենամ դառնաս բոմժ»։
Սամվել Կարապետյանն ի պատասխան նշեց․ «Ուզում եմ գաղտնիք բացեմ, որ դուք շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ գալյուցինացիա են առաջացնում։ Ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր, և իմ ինֆորմացիայով՝ մոտավորապես մեկ տոննա հետը առել-բերել է Հայաստան։ Երբ Կառավարությունում լրագրողների հետ է հանդիպում, Ազգային ժողովում բարձրանում է ամբիոն, անպայման օգտագործում է այդ սնկերից։ Եվ իր կյանքի երազները՝ ինչ երազ տեսնում է, երազում է, ինքը կարող է ամբիոններից դուրս տալ։ Դա ընդհանուր այդ սնկերի շնորհքն է։ դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որը մեր ժողովուրդը հունիսի 7-ին կգնահատի»,- ասել էր Կարապետյանը։