civilnet.am «Մենք պայքարելու ենք Հայաստանի հողերի վերադարձի համար»,- վստահեցնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, միևնույն ժամանակ նշում, որ Արցախը վերադարձնելու հնարավորություն չկա մոտակա տարիներին, միգուցե՝ տասնյակ տարիներին։
«Մենք պայքարելու ենք Հայաստանի հողերի վերադարձի համար, խոսքը Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի հողերի մասին է։ Ես ռեալ եմ գնահատում ներկա իրավիճակը, մենք պատերազմով Արցախը մոտակա տարիներին, միգուցե տասնյակ տարիներին վերադարձնելու հնարավորություն չունենք։ Փաշինյանն այնպես արեց, որ մենք չունենանք այդ հնարավորությունը»,- մայիսի 7-ին ասուլիսի ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը։
Կարապետյանը նշել է, որ իր ուժի գլխավոր նպատակն արցախահայության արժանապատիվ կյանքի ապահովումն է Հայաստանում։ Նրա խոսքով՝ իշխանության գալուց հետո ամեն բան անելու են, որպեսզի արցախահայերն անվտանգ վերադարձի իրավունք ստանան։
«Բայց դա չի նշանակում, որ երեք, չորս տարի հետո դուք անպայման ինձ բզբզելու եք՝ թե բա՝ արցախցին չգնաց Արցախ։ Եթե ես ավելի շատ վստահություն ունեմ, որ վերադարձնելու ենք մեր տարածքները, մեր գերիներին, ապա այս հարցը մեր ազգի ամենաբարդ հարցն է։ Ես չեմ կարող ասել, որ այս հարցը շատ արագ կարող եմ լուծել։ Բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ հասնենք դրան»,- ասել է Կարապետյանը։