Իշխանամետ էջերի անհետագծելի գովազդները․ Ֆեյսբուքից թաքուն, Ֆեյսբուքի քթի տակ | մաս 1

Մեր շենքի մուտքի պատերին պահպանվել են դեռևս 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քաղաքական գովազդների մնացորդները։ Արևից գունաթափված, պատառոտված, իրար վրա մի քանի շերտով փակցված պաստառներում մինչև հիմա հնարավոր է գտնել մասնակից քաղաքական գործիչների դեմքերի կտորներ։ 

Գալիք խորհրդարանական ընտրություններին ուղիղ մեկ ամիս է մնացել, բայց մեր մուտքի պատերին նոր պաստառներ դեռևս չեն ավելացել։ Գուցե դրանք հայտնվեն արդեն վաղվանից պաշտոնապես մեկնարկող նախընտրական քարոզարշավի ընթացքում, սակայն մինչ այդ մասնակից  քաղաքական ուժերը չեն խնայում ո՛չ գումար և ո՛չ էլ երևակայություն՝ վիրտուալ միջավայրում իրականացնելու իրենց քաղաքական քարոզչությունը։ Այլ կերպ ասած՝ շենքի պատերին փոխարինել են ֆեյսբուքյան պատերը։

Հայասատանում քաղաքական դերակատարների համար հիմնական մարտադաշտերից մեկը «Ֆեյսբուք» սոցիալական հարթակն է՝ պայմանավորված ակտիվ օգտատերերի մեծ քանակով։ Այստեղ շրջանառվում են քաղաքական գովազդի համար նախատեսված խոշոր դրամական միջոցներ, և այստեղ է, որ շատերը փորձում են շրջանցել խաղի ազնիվ կանոնները։ 

Միայն վերջին երեք ամիսներին «Մետա» ընկերությունը մոտ 300 000 դոլարի եկամուտ է գեներացրել իր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Հայաստանի խորհրդարանական ընտրություններին վերաբերող գովազդների շրջանառումից։

Այստեղ, սակայն, հաշվարկված է գովազդների միայն այն մասը, որը ունի պահանջվող նշում այն մասին, որ շրջանառվում է քաղաքականությանը, ընտրություններին և սոցիալական հարցերին վերաբերող գովազդ։ ֆեյսբուքյան շատ էջեր հմտորեն շրջանցում են «Մետայի» սահմանած կանոները ու չեն հայտնվում վիճակագրության մեջ՝ հաճախ տարածելով կեղծ, մանիպուլյատիվ տեղեկություններ, բայց և միաժամանակ մնալով անհետագծելի։ 

Ինչպես տարածել քաղաքական գաղափարներ՝ առանց պատասխանատվության

Մոտ երկու ամիս մենք մշտադիտարկել ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում շրջանառվող ինչպես պաշտոնական էջերի քաղաքական գովազդները, այնպես էլ այն էջերի, որոնք չեն ցուցադրում իրենց իրական քաղաքական պատկանելությունը, հաճախ տարածում են ապատեղեկատվություն, թիրախավորում են, վիրավորական կամ ծաղրական բնույթի բովանդակություն են ստեղծում՝ նպատակ ունենալով ազդել հասարակության տարբեր հատվածների վրա և հեղինակազրկել ընդդիմախոսներին։ 

Նմանօրինակ բազմաթիվ էջերից առանձնացրել ենք շուրջ երեք տասնյակը, որոնք իրենց քաղաքական և ընտրական բովանդակությունը խթանելու համար օգտագործում են գովազդ, սակայն չեն պահպանում «Մետայի» սահմանած կանոները և չեն նշում, որ տվյալ գովազդը քաղաքական է կամ վերաբերվում է ընտրական գործընթացներին։

Դիտարկված էջերի զգալի մասը ստեղծվել է բոլորովին վերջերս, կամ ակտիվացել է երկար դադարից հետո, փոխել անվանումը, վերաբրենդավորվել։

Այս շարքի առաջին հոդվածով կանդրադառնանք կառավարող ուժի քարոզչությամբ և ընդդիմադիր ուժերի հակաքարոզչությամբ զբաղվող էջերին։

Իշխանամետ էջերի անհետագծելի գովազդները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջով վերջին 90 օրերի ընթացքում իրականացվել է ավելի քան 40 հազար ԱՄՆ դոլարի գովազդ։ Առավել փոքր բյուջեով գովազդային արշավներ են իրականացրել նաև ՔՊ երիտասարդական կառույցի, Տարոն Չախոյանի, Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի էջերը և կառավարող կուսակցությանը փոխկապակցված C News, Civic am էջերը՝ ընդհանուր գովազդային բյուջեն հասցնելով 44 հազար ԱՄՆ դոլարի։

Սակայն իշխանական թեզերն ու պատումները գովազդվում են ոչ միայն այս էջերով։ Մեր կողմից դիտարկված առանց նշման քաղաքական գովազդ կիրառող երեք տասնյակ էջերից 14-ի բովանդակությունը կառավարող ուժին և Նիկոլ Փաշինյանին աջակցող է, և վատաբանում է ընդդիմությանը՝ տարածելով վիրավորական և հեղինակազրկող հրապարակումեր։

Այսպես, օրինակ, ընտրությունների նախաշեմին երկարատև՝ մոտ վեց տարվա «քնից» հետո ակտիվացել է ֆեյսբուքյան ArmToday էջը։ Այս էջը թեև ստեղծվել է 2020 թվականին, սակայն ներկայումս ցուցադրվող առաջին հրապարակումն արել է այս տարվա փետրվարին, որից հետո սկսել է ակտիվորեն տարածել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների տեսանյութերը, հատվածներ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերներից։ Էջում տեղադրվում են նաև պետական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասին պատմող հոլովակներ։

ArmToday-ը, բացի կառավորղ ուժին գովաբանող բովանդակություն տարածելուց, ակտիվորեն տարածում է նաև տեսանյութեր, որոնք միտված են հեղինակազրկելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Ապրիլի մեկից սկսած առնվազն 16 գովազդ է շրջանառել էջը, որոնք պարունակել են Կարապետյանին վարկաբեկող բովանդակություն՝ ընդհուպ վիրավորական պիտակների օգտագործում։ 

Գովազդվող այս տեսանյութերի հավանումները միջինում 1000-ից ավելին են, ինչը սովորաբար վկայում է գովազդների պարբերաբար թարմացման և ներդրված գումարների մասին։

Օրինակ, ապրիլի 24-ին հրապարակված տեսանյութը, որտեղ Փաշինյանը խոսում է 44-օրյա պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանի դրսևորած չեզոքության մասին՝ նրան առնվազն երեք անգամ կոչելով «կալուգացի օլիգարխ», արդեն 6000 հավանում ունի, ինչը քիչ հավանական կլիներ առանց գովազդի, քանի որ էջը չունի բնական ակտիվություն և հենվում է միայն գովազդների վրա։ 

Թե որքան գումար է ծախսվել և թե ովքեր են կանգնած այս էջի հետևում, մենք այդպես էլ չենք իմանա, գոնե այս պահին, քանի որ «Մետան» դեռևս չի ձեռնարկել որևէ միջոց՝ կասեցնելու էջի գովազդային գործունեությունը։ Ավելին՝ տվյալ պահի դրությամբ շրջանառվում են ապրիլի 30-ին հրապարակված գովազդներ։ Այսինքն գրեթե մեկ շաբաթ է՝ «Ֆեյսբուքում» տարածվում են հազարավոր հավանումներով գովազդային հրապարակումներ, որոնք խիստ քաղաքական բնութ ունեն, հասնում են լայն լսարանի, հավանական է՝ ազդում են հանրային ընկալումների վրա, սակայն «Ֆեյսբուքը» դեռևս չի նկատել դրանք։  

Հաջորդ հետաքրքրաշարժ օրինակը Medianews-ն է և դրա վարած զգուշավոր քաղաքականությունը՝ խուսափելու «Մետայի» խոշորացույցից։ Դեռևս տարիներ առաջ «Ինֆոքոմը» գրել էր Medianews-ի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի ներկայիս տեղակալ Տարոն Չախոյանի կապի մասին։ 

Այս մերձիշխանական լրատվական էջը գրեթե ամեն օր իր էջում տեղադրված գովազդ է ունեցել, բոլորն էլ՝ հօգուտ ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի։ Մարտի 23-ից սկսած մինչ այս պահը հաշվել ենք էջում տեղադրված 30 գովազդ։ Սակայն, ի տարբերություն այլ էջերի, «Մեդիանյուզում» այդ գովազդների տևողությունը չի գերազանցել 15-24 ժամը։ Սա կարող է վկայել այն մասին, որ էջը փորձում է նվազեցնել նման գովազդների հայտնաբերման հավանականությունը, քանի որ կարճատև գովազդները կարող են ավելի դժվար հայտնաբերվել և ուսումնասիրվել Meta հարթակի կողմից, հետևաբար դրանք կմնան աննկատ։ 

«Մեդիանյուզի» գովազդները հիմնականում անդրադառնում են վարչապետի և քաղաքացիների շփումներին, օրինակ` ինչպես են մարդիկ գովաբանում կամ խրախուսում նրան։ Հաճախ են հանդիպում նաև վարկաբեկող գովազդներ` ուղղված ընդդիմությանը։ Օրինակ` ստորև ներկայացված նկարում երկու գովազդ վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին՝ ակնարկելով, թե վերջինս ներկել է մազերը։ 

Գովազդվող բովանդակության մեկ այլ տեսակ էլ, որ օգտագործում է էջը, ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի գրառումների վերահրապարակումներն են։ Դրանք հրապարակվում են էջում, այնուհետև դրվում գովազդի տակ՝ մեծացնելու ներգրավվածությունը։ 

Այսպիսով, առնվազն մեր դիտարկած ժամանակահատվածում ամեն օր գովազդ տարածած այս էջը «Մետայի» արխիվում ունի պահպանված ընդամենը մեկ գովազդ, որ հրապարակվել է այս տարվա մարտին։ Հարթակը այս մի դեպքում ճանաչել է այն որպես քաղաքական և կասեցրել դրա շրջանառումը, քանի որ չի ունեցել համապատասխան նշումը։

Հաջորդը ֆեյսբուքյան «Խաղաղություն» անունով էջն է, որը ստեղծվել է 2023-ին՝ «Օne Yerevan» անունով։ Այն մի քանի հրապարակում է արել 2024-ին և այլևս չի գործել։ Ավելի քան մեկ տարի դադարից հետո էջը այս տարվա մարտի 22-ին նկար է հրապարակել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «խաղաղություն» կարգախոսով և նկարով, որից հետո էլ անվանափոխվել է կուսակցության համանուն կարգախոսով:

Այս էջը անվանափոխությունից հետո մեծ թափով տարածում է կառավորող ուժին վերաբերող հրապարակումներ, վերահրապարակում է «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավորների և նախարարների տարածած տեսանյութերը, հրապարակում ՔՊ-ի մարզային այցելություններից լուսանկարներ և այլն։ 

Էջը, սակայն, չի բավարարվում միայն հրապարակումներ անելով, այն նաև դրանց վրա կիրառում է գովազդ՝ ավելի շատ օգտատերերի լրահոսում տեսանելի լինելու համար։ Տարածվող գովազդը բացառապես քաղաքական է, այն դրական լույսի տակ է ներկայացնում կառավարող ուժի կատարած աշխատանքները, օրինակ՝ դպրոցաշինությունը, ինչպես նաև տարածում կուսակցության նախընտրական հոլովակները։ Այս գովազդներից ոչ մեկը, սակայն, չունի այդ մասին նշում (դիսքլեիմեր)։ Հայտնի չէ, թե ովքեր են վճարում այդ գովազդի համար, որքան գումար է ծախսվում, ինչ լսարանի համար է այն նախատեսված և այլն։ Հիշեցնենք, որ այդ նշումը պարտադիր է։ 

«Խաղաղություն» էջը մարտի վերջից մինչ այս պահը առնվազն 30 գովազդ է հրապարակել իր էջում, և բոլորն էլ ՔՊ-ի նախընտրական արշավից տեսանյութեր են եղել։ 

Երեսուն և ավելի այս գովազդներից ոչ մեկը «Մետայի» արխիվում չի պահպանվել, քանի որ էջի հեղինակները հաջողությամբ կարողացել են խուսափել հարթակի կարգավորումներից և գովազդները չպիտակել որպես քաղաքական, ուստի եթե որևէ մեկը ցանականա հետ գնալ և ուսումնասիրել, թե ինչ գովազդներ են շրջանառվել այս էջում, չի կարողանա։

Նմանատիպ բովանդակություն են գովազդում նաև Hay News, Hodvac.am, New Armenia Blog, Աշխարհի հայեր, Yerevanyan, Armenian Zone/Հայկական Տիրույթ և այլ էջեր։ Բովանդակության նմանօրինակ լինելու պատճառով այս էջերին առանձին չենք անդրադառնա։ Սակայն ստորև կարող եք տեսնել այս էջերի կողմից իրականացված գովազդները։

Ձեր հավաքած համարը գոյություն չունի

Ինչպես արդեն նշել ենք, «Մետայի» կանոնների համաձայն՝ քաղաքական, ընտրական կամ սոցիալական հարցերին վերաբերող գովազդները պետք է ունենան համապատասխան նշում, ինչպես նաև գովազդ տեղադրողի մասին տեղեկություն։ Իսկ ինչ, եթե նշումը կա, կա նաև գովազդը տեղադրողի մասին տեղեկություն, սակայն տվյալները իրական չեն, այլ ուղղակի ձևական են լրացված։ 

Armenian News ֆեյսբուքյան էջը վերջին 90 օրերի ընթացքում 2 975 ԱՄՆ դոլար է ծախսել գովազդներ տեղադրելու վրա, իսկ 2023-ի սեպտեմբերից սկսած՝ մոտ 12 000  ԱՄՆ դոլար։ Այս էջի գովազդների վրա թեև նշվում է, որ դրանք քաղաքական են և գովազդատուն հենց Armenian News-ն է, բայց թե ով է իրականում կանգնած այդ էջի հետևում, պարզ չէ։ Համեմատության համար՝ նույն ժամանակահատվածում գրեթե նույնքան գումար էլ գովազդների վրա ծախսել է C News-ը, որի համար վճարել է իշխանական Civic.am-ը։ Ընդ որում, եթե C News-ը մեկ գովազդի համար վճարել է միջինացված 88.5 դոլար, ապա Armenian news-ը վճարել է 208 դոլար։ Ստացվում է՝ Armenian news-ը գովազդների վրա ծախսում է այնքան, ինչքան իշխանական civic.am-ը՝ միաժամանակ չլինելով թափանցիկ և հետագծելի։

Screenshot 2026-05-07 at 21.03.00

Ստուգելու համար տվյալների իսկությունը, փորձեցինք կապ հաստատել Armenian News-ի գրանցած հեռախոսահամարով, բայց տվյալ համարը գոյություն չուներ։ Փաստորեն, չնայած ֆորմալ առումով պահպանված են կանոները, բայց չկա որևէ օգտակար տեղեկություն, որը կապահովի էջի թափանցիկությունը։

Գործելով 2023-ից՝ Armenian News-ը նաև վատաբանող հրապարակումներ է կատարում տվյալ պահի իրադարձություններին համապատասխան։ Օրինակ՝ Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ թիրախավորել է Վարդան Ղուկասյանին, Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ժամանակ՝ ընդդիմադիր թեկնածուներին, այնուհետև Բագրատ արքեպիսկոպոսին, Գարեգին Բ կաթողիկոսին, իսկ ներկայումս՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին։

Վերը ցուցադրված գովազդի համար, որ շրջանառվել է փետրվարի 24-28-ը, վճարվել է 1500-2000 դոլար։ Այս տեսանյութը «Ֆեյսբուքում» ունի 2 միլիոն դիտում և 12 հազար հավանում, ինչը կրկին մեծ թիվ է ընդամենը 1000 հետևորդ ունեցող էջի համար։

Նմանատիպ մյուս էջը Սրտացավ Հայաստանն է։ Այն ստեղծվել է 2023-ին, սակայն ակտիվացել է վերջին ամսիների ընթացքում։ Մեկ տարվա ընթացքում էջը ունեցել է նշումով 18 գովազդ, և չնայած նշման առկայությանը, այս անգամ ևս գովազդատուի մասին տրամադրած տեղեկությունները իրական չեն։ Գրանցված հեռախոսահամարով զանգելու դեպքում կարելի լսել նույն պատասխանը՝ «Ձեր հավաքած համարը գոյություն չունի»։

Այս գովազդի վրա, օրինակ, ծախսվել է 500-600 դոլար։ Իսկ Ֆեյսբուքում հավանումների քանակը 8000-ից ավելի է․ այստեղ ևս հարց է առաջանում՝ ով է իրականում զբաղվում էջի առաջխաղացմամբ, ում միջոցներով են շրջանառվում գովազդները և ինչ նպատակ ունեն։ 

«Մետան» պահանջում է, բայց չի կարողանում վերահսկել

Համաձայն «Մետա» ընկերության պահաջների, որին պատկանում է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, այն էջերը, որոնք տարածում են քաղաքական, սոցիալական կամ ընտրություններին վերաբերող գովազդ, պարտավոր են դրա մասին հատուկ նշում կատարել։ Այդ նշումը (disclaimer) թույլ կտա տեղեկանալ, թե ով է կանգնած տվյալ գովազդի հետևում, այլ կերպ ասած՝ ով է պատասխանատու տարծվող բովանդակության համար։ 

Գովազդները, կախված շրջանառվող ժամանակից և ծախսված գումարից, կարող են հասնել տասնյակ հազարավոր օգտատերերի՝ ձևավորելով կարծիք կամ վերաբերմունք, ինչը հատկապես նախընտրական շրջանում կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա։ 

Ֆեյսբուքյան էջերը, որոնք տարածում են քաղաքական գովազդ, պարտավոր են անցնել «Մետայի» նույնականացումը, որպեսզի կարողանան տեղադրել գովազդ։ Այս նույնականացումը պահանջում է կոնկրետ անձի կամ կազմակերպության տվյալներ՝ հեռախոսահամար, հասցե և այլ մանրամասներ, որպեսզի հնարավոր լինի ապահովել հաշվետվողականություն և թափանցիկություն։ 

Միայն այդ նշման դեպքում կարելի է տեսնել, թե ում միջոցներով է շրջանառվել գովազդը, որքան գումար է ծախսվել դրա վրա, և թե ինչ թիրախային լսարան է ընտրված։ 

Բացի դրանից, «Ֆեյսբուքն» իր արխիվում պահպանում է միայն այն գովազդները, որոնք ունեցել են համապատասխան նշում, հակառակ դեպքում գովազդի ժամկետի ավարտից հետո դրանք անվերադարձ կորչում են։ Նման կարգավորումը հատկապես օգտակար է լրագրողների և հետազոտողների համար, քանի որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել տարբեր էջերի վարքագծեր, ստուգել գովազդների տարածած բովանդակությունը և բացահայտել կոորդինացված արշավներ, որոնք հաճախ ղեկավարվում են կենտրոնացված ձևով և չեն արտահայտում իրական բովանդակություն։ «Մետայի» բառապաշարում այն կոչվում է Inauthentic behaviour կամ անբնական վարքագիծ։

Չնայած այս կարգավորումներին, «Մետան» այնքան էլ հետևողական չէ շրջանառվող քաղաքական գովազդների նկատմամբ՝ թույլ տալով բազմաթիվ էջերի շրջանցել իր իսկ սահմանած կանոները։ Եթե տեղադրողը նախապես չի նշել, որ բովանդակությունը գովազդ է, ապա դրանց ֆիլտրացիան կատարվում է ավտոմատացված բոտերի միջոցով, որոնք, հանդիպելով որոշակի բառերի կամ արտահայտությունների, որոշում են՝ արդյոք տվյալ գովազդը պարունակում է քաղաքականությանն առնչվող տարրեր, թե ոչ։ Սակայն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձը ցուց է տալիս, որ տեխնոլոգիական այս հսկան այնքան էլ հմուտ չէ գովազդի բովանդակությունը տարբերակելու հարցում, և դրա հետևանքով բազմաթիվ գովազդներ, որոնք ոչ միայն քաղաքական են, այլև ապակողմնորոշող, կեղծ կամ մոլորեցնող, հեշտորեն շրջանցում են այդ կարգավորումները և հայտնվում ցանցում։ 

Նմանատիպ օրինակները բազմաթիվ են եղել Մոլդովայում և Ռումինիայում վերջերս տեղի ունեցած ընտրություններում։ Այս մասին հրապարակումներ են արել տեղական լրատվամիջոցները, ինչպես նաև ուսումնասիրել իրենց երկրներում ընտրական ընթացքի վրա ազդող գովազդները, որոնք հիմնականում ուղղորդվել են այլ երկրների, մասնավորապես Ռուսաստանի կողմից։ 

Հաշվի առնելով «Մետայի» թույլ կարգավորումները և դրա ոչ միանշանակ վերահսկողությունը գովազդվող բովանդակության վրա՝ Եվրոպական միությունը դեռ նախորդ տարի պարտադրել էր ընկերությանը հետևել իր առաջարկած կարգավորումներին։ «Մետան», սակայն, արձագանքել էր, որ չի կարող իրականացնել ԵՄ-ի առաջակած փոփոխությունները, հետևաբար 2025-ի հոկտեմբերին դադարեցրել էր քաղաքական բնույթի գովազդների շրջանառումը ԵՄ տարածքում։