armenpress.am Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության Եվրոպայի հարցերով պետքարտուղար Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը Հայաստանի ու Խորվաթիայի միջև ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը երկկողմ հարաբերություններում կարևորագույն իրադարձություն է համարում։ Նա վստահ է, որ հռչակագիրը երկու երկրների միջև հարաբերությունները կբարձրացնի համագործակցության նոր մակարդակի մի շարք ոլորտներում։
Այս մասին Անդրեյա Մետելկո-Զգոմբիչը նշել է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովի շրջաններում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։
Զրույցի ընթացքում նա նաև անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Խորվաթիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակին ու հեռանկարներին, Հայաստան-Եվրամիություն կապերի ընդլայնման շուրջ Զագրեբի տեսակետներին, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող աշխարհաքաղաքական իրադրությանը՝ մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։Խորվաթ պաշտոնյան Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը պատմական նվաճում է համարել ոչ միայն երկու երկրների, այլև ավելի լայն տարածաշրջանի համար:
Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերություններ
Ուրախ եմ նշել, որ վերջին տարիներին հայ-խորվաթական հարաբերությունները քաղաքական մակարդակում ակտիվացել են։ Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունները՝ ներառյալ ԵՄ-ի և Հայաստանի ռազմավարական գործընկերության օրակարգի արդիականացումը, նույնպես կարևոր շրջանակ են ստեղծում համագործակցության ընդլայնման համար։Անցյալ տարվա նոյեմբերին ես շատ արդյունավետ քաղաքական խորհրդակցություններ անցկացրի Երևանում և կարող եմ վկայել մեր քաղաքական և տնտեսական կապերի հետագա ամրապնդման զգալի հետաքրքրության մասին, այդ թվում՝ տեխնոլոգիական և պաշտպանական արդյունաբերության, գյուղատնտեսական-սննդային արդյունաբերության, ինչպես նաև մշակութային և գիտական համագործակցության ոլորտներում։ Հետաքրքրության կարևոր ոլորտ է նաև Խորվաթիայի փորձը ԵՄ ինտեգրման գործընթացներում, գիտելիքների և բարեփոխումների իրականացման փորձի փոխանցումը։
ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության փորձը հավաստի և թարմ հաջողության պատմություն է, որը մեզ դարձնում է վստահելի գործընկեր։ 2013 թվականին ԵՄ-ին անդամակցելուց ի վեր՝ Խորվաթիան ցուցաբերել է ուժեղ քաղաքական հանձնառություն գիտելիքների փոխանակման հարցում՝ աջակցելով 13 գործընկեր երկրների՝ ավելի քան 1000 տեխնիկական օգնության միջոցառումների։Ուրախ եմ տեղեկացնել, որ Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Սլովենիայի առողջապահության նախարարությունն ընտրվել են Հայաստանի առողջապահության նախարարության հետ «Թվինինգ» ծրագրի համար: Այս համատեղ առողջապահական նախագիծը կարևորագույն իրադարձություն է՝ որպես Խորվաթիայի և Հայաստանի միջև այս տեսակի առաջին կառուցվածքային համագործակցություն:
Այս նախագիծը գերազանցում է տեխնիկական օգնությունը, այն ներկայացնում է ռազմավարական գործընկերություն, որը կառուցված է ընդհանուր արժեքների, համերաշխության, ներառականության և հասանելի հանրային ծառայությունների նկատմամբ նվիրվածության վրա։ Մեկ այլ ոլորտ, որտեղ Խորվաթիան պատրաստ է կիսվել իր փորձով, ականազերծումն է: ԵՄ Արևելյան հարևանությունը Խորվաթիայի զարգացման քաղաքականության առաջնահերթություններից մեկն է:
Մեր ուշադրության կենտրոնում է տեխնիկական օգնությունը՝ պատերազմից հետո կայունացման և վերականգնման (հատկապես մարդասիրական ականազերծման) և սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական անցման ոլորտներում ազգային փորձի և փորձագիտության փոխանակման միջոցով: Հատկապես ուրախ եմ լսել, որ Հայաստանի ականազերծման և փորձագիտության կենտրոնը (ACHDE) ԵՄ-ի հաջող մրցութային գործընթացից հետո ընտրել է խորվաթական DOK-ING ընկերության ռոբոտացված ականազերծման համակարգեր: Վստահ եմ, որ այս նախագիծը զգալիորեն կբարձրացնի պատերազմի պայթուցիկ մնացորդներից տուժած տեղական համայնքների անվտանգությունն ու պաշտպանվածությունը և կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդման ջանքերին։Միևնույն ժամանակ, մենք նաև ցանկանում ենք օգտագործել Հայաստանի փորձը։
Անցյալ տարի Երևան կատարած իմ այցի ժամանակ ես ոգևորված էի՝ այցելելով Հայաստանի ԹՈՒՄՈ կենտրոն, որը մեծ տպավորություն թողեց ինձ վրա։ ԹՈՒՄՈ-ն ներկայացնում է թվային հմտությունների կրթության ոլորտում ստեղծագործականության և տեխնոլոգիաների առաջադեմ համադրություն, և մենք կցանկանայինք այս նորարարական երիտասարդական ծրագիրը բերել նաև Խորվաթիա։ Պետք է ասեմ, որ սա այն նախագիծն է, որում ես անձամբ եմ ներգրավված։
Չպետք է մոռանանք Խորվաթիայի և Հայաստանի միջև դարավոր պատմական, մշակութային և հոգևոր կապերի մասին։ Մենք ունենք ընդհանուր սուրբ՝ Սուրբ Վլասիուսը, որը Դուբրովնիկի հովանավորն է՝ 10-րդ դարից ի վեր, և որը հայկական ծագում ունի։ Ինչպես նաև Յոսիֆ Մարինովիչը, որը գրել է Արևմուտքում հայերի առաջին պատմությունը դեռևս 18-րդ դարում։