factor.am Թուրքիան հերքել է տեղեկությունները, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլտվություն է խնդրել հատել Թուրքիա-Հայաստան ցամաքային սահմանը Երևան կատարած այցից հետո։ Երկրի ԱԳՆ աղբյուրն այդ պնդումները «կեղծ» է անվանել՝ զգուշացնելով՝ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ երկրի ներքին քաղաքականության գործիք չդարձնել», գրում է Turkiye today-ը։
Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան Anka լրատվական գործակալությանն ասել է, որ հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Երբ սահմանը բացվի, Թուրքիան կորոշի՝ ով է անցնում, ով՝ ոչ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել նման բանավեճերի վրա։ Մենք չենք ուզում, որ Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը վերածվի որևէ երկրի ներքին քաղաքականության համար շահագործվող քննարկման»,- ասել է պաշտոնյան։
Նշվում է, թե այս հերքումը հաջորդում է Visegrád 24-ի պնդմանը, որ «Մակրոնը ծրագրել էր Թուրքիա մուտք գործել Հայաստանից ցամաքային ճանապարհով՝ երկար ժամանակ փակ սահմանով, և որ Անկարան սկզբում կանաչ լույս է տվել, սակայն նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանը կտրականապես մերժել է խնդրանքը»։ Նշվել էր, թե այս անցումը, եթե թույլատրվեր, «կլիներ աննախադեպ խորհրդանշական բացում, որը կհեշտացվեր երրորդ կողմի կողմից»։
Իրականում այս տեղեկությունները նախապես տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում էր, թե Մակրոնը, որը գտնվում էր Երևանում, իբր, ծրագրում էր քաղաքականապես խորհրդանշական ժեստ անել՝ այնտեղից Թուրքիա մեկնելով փակ ցամաքային սահմանով՝ Էրդողանի հետ հանդիպելու համար։ AZfront-ին մի քանի տեղեկացված աղբյուրներ, իբր, հայտնել էին, որ այցը նախապես համաձայնեցված է եղել որոշ թուրք պաշտոնյաների հետ։
Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Մակրոնը Երևանում հստակ կոչ էր արել բացել բոլոր տարածաշրջանային սահմանները, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում