«Բարգավաճ Հայաստանն» իր քարոզարշավը սկսել է Արարատի մարզից, որտեղ տարբեր բնակավայրերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։
«Իմ նպատակն ա, որ գյուղեգյուղ գնամ, նայեմ, ժողովրդի հետ խոսեմ՝ աչքերի մեջ նայելով, իմ խոսքն իրենց ասեմ։ Բոլորն ուզում են լավ ապրեն, խաղաղություն լինի, տնտեսական զարգացում լինի։ Խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը երաշխավորում են, որ իրանք պաշտպանում են Հայաստանին, որ պատերազմ պետք է չլինի, որ Հայաստանը պետք է պատերազմի դուռը փակի։ Մենք կռվի դուռը պետք է ամուր փակենք, որ դրա մասին չմտածենք»,- ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով բնակիչներին։
Ծառուկյանն անդրադարձել է նաեւ զինծառայությանը՝ նշելով․ «18 տարեկան երեխան իրավունք չունի սահմանի վրա կանգնի։ Պետք է սահմանին կանգնեն միայն պայմանագրային ծառայողները, մենք ավելի լավ ա պայմանագրային 10 հազար հոգի ունենանք, քան երիտասարդներ 50 հազար։ Էսօր սարքել են տարիուկես, կարելի ա սարքել երեք ամիս, բայց լիարժեք էդ գումարները տրամադրեն պայմանագրային ծառայողներին, փորձառու մարդիկ, որ ամեն տարի քննությունները հանձնեն, որ առողջ են, պատրաստակակամ, դա ավելի արդյունք կտա, քան մեր անփորձ երեխեքին տանեն, սահմանին կանգնացնեն»։
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով քարոզարշավին նշել է, որ չնախատեսված կանգառ են ունեցել Արարատի մարզի Նոյակերտ գյուղում, ապա հանդիպումները շարունակվել են Ավշար, Արարատ, Սուրենավան, Այգեվան և Ոսկետափ համայնքներում։
«Մեր մոտեցումը մնում է անփոփոխ՝ լինել մարդկանց կողքին, շրջել գյուղից գյուղ, ուղիղ լսել նրանց հուզող խնդիրներն ու մտահոգությունները։ Բաց ու անկաշկանդ երկխոսության ընթացքում փորձեցինք մարդկանց հետաքրքրող, անգամ ամենացավոտ հարցերին տալ անկեղծ ու շիտակ պատասխաններ։ Գյուղացիների ցանկությունը մեկն է՝ ունենալ ամուր ու անվտանգ սահմաններ, խաղաղ աշխատել իրենց հողի վրա, ստեղծել ու արարել և վստահությամբ նայել իրենց ու իրենց երեխաների ապագային»,- գրել է Ծառուկյանը։
Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։