Սամվել-Կարապետյան-1-2048×1363

Սամվել Կարապետյանը նախընտրական քարոզարշավին կմասնակցի տանից

«Ուժեղ Հայաստան» դաշինքն իր քարոզարշավը սկսել է Ազգային ժողովի շենքի մոտից։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ 8 տարի առաջ այս օրը այս շենքում ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ, սակայն 8 տարվա ընթացքում խոստացած ոչինչ չարեց․ «Դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն է բերելու Հայաստանում եւ Արցախում, 8 տարի խոստացել է, որ երկիրն ունենալու է արդար համակարգ, երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ապրել եւ անվտանգ։ Բազմաթիվ, հարյուրավոր են խոստումները, անցել է 8 տարի, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ ԱԺ շենքը ընտրություններից հետո պետք է լինի հույսի տեղ․ «Վերադառնալու ենք մեկուկես ամսից եւ սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը»։

Կարապետյանի խոսքով՝ մեր երկիրն ունի շատ քիչ առեւտրային գործընկերներ, որոնց հետ հարաբերությունների խաթարումը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։

Նարեկ Կարապետյանը քարոզարշավի ընթացքում նշեց, որ իրենք սփյուռքից բազմաթիվ խոշոր հայ գործարար ընկերներ ունեն, որոնք պատրաստ են կառավարություն կազմելու դեպքում աջակցել իրենց սոցիալական ծրագրերին, մինչդեռ, ըստ նրա, չեն աջակցի այսօրվա կառավարող ուժին։

Ինչ վերաբերում է քարոզարշավին Սամվել Կարապետյանի մասնակցությանը՝ Կարապետյանն ասաց, որ գործընթացին տանից կմասնակցի ու ելույթներ կունենա․

«Պատմական ունիկալ շրջան է, քանի որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական պրոցեսներին մասնակցում։ Հիմնական հարցն այն է, որ արդարություն խոսք տված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է քաղաքական հոդվածով։ Այս մարդը վերածվում է դիկտատորի, այնպիսի բաներ է սկսելու անել, որ մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը»,- ասել է Կարապետյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն