«Այո՛, Հայաստանի Հանրապետությունը որպես Արցախի անվտանգության երաշխավոր ևս աջակցություն ուներ ֆինանսական և բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ մենք ձրիակերի նման այնտեղ նստած էինք և օգտվում էինք միայն Հայաստանի հարկատուների կամ պետբյուջեի կողմից տրամադրած գումարներից»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե որևէ այլ իշխանություն Ղարաբաղի համար այնքան բան չի արել, որքան իրենց իշխանությունը։
«Առաջինը՝ այդ գումարները տրվել են որպես միջպետական վարկ։ Դուք տեղյակ եք, որ Արցախի Հանրապետությունը չուներ մաքսային սահման ՀՀ-ի հետ և չուներ մաքսային ծառայություն, և այդ ուղղությամբ բոլոր հարկերը վճարվում էին ՀՀ պետբյուջե։ Ինչ Արցախից դուրս էր գալիս, ինչ Արցախ մտնում էր՝ միակ ճանապարհը ՀՀ-ի միջոցով էր, և բավականին մեծ հարկեր էին կուտակվում ՀՀ պետբյուջեում։ Մենք ունեինք հանքարդյունաբերություն, ունեինք գյուղատնտեսություն, տարբեր արտադրություններ, որոնց դուրսբերման և ներմուծման ընթացքում այդ հարկերը գեներացվում էին ՀՀ պետբյուջե, որից մի մասը վճարվում էր որպես միջպետական վարկ»,- նշել է Շահրամանյանը։
Նա շեշտել է, որ Արցախը Հայաստանի համար վահան է եղել, և պարզ է, որ պետք է ամեն ինչ արվեր, որ այդ վահանը լիներ ամուր։
«Առաջին հարվածն արցախցիներն են իրենց վրա վերցրել։ Մինչև 2023 թվականը ցանկացած 10 տարեկան երեխա 3 լայնածավալ պատերազմ է տեսել։ Ոնց կարելի է ասել՝ մենք ձեզ պահել ենք, դուք էնտեղ լավ ապրել եք, դա իրականության հետ կապ չունի»,- ասաց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքում քարոզարշավի ժամանակ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 25 տարի իրենց խաբել են, երբ ասել են, որ «Ղարաբաղի համար ենք մենք վատ ապրում»․ «Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարաբաղի համար այնքան բան չի արել, որքան մենք ենք արել։ Ղարաբաղում թոշակն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ո՞ւմ հաշվին․ Հայաստանի հաշվին։ Աշխատավարձերն ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ո՞վ է ապահովել դա․ Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Փաշինյանը։