IMG_20260509_222829_365

Ինչպես են անցկացրել քաղաքական ուժերը քարոզարշավի 2-րդ օրը

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրը քաղաքական ուժերն անցկացրին Երևանում և մարզերում։ Նրանցից շատերը անդրադարձան մայիսի 9-ի տոնական խորհրդին։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին «Հաղթանակ» զբոսայգի՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

«Հաղթանակները երբեք չի կարելի մոռանալ։ Պատերազմում պարտվել կարող են բոլորը, բայց սեփական հաղթանակն ու պատմությունն ուրանալն աններելի է։ Մենք անպայման ունենալու ենք նոր հաղթանակներ՝ բոլոր ոլորտներում»,- հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Ծառուկյանի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության 100-ից ավելի բնակավայրերում կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտում հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին։

Մայիսի 9-ի առթիվ «Միասնության թևեր» կուսակցության թիմը վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի գլխավորությամբ ծաղիկներ է խոնարհել «Հաղթանակ» զբոսայգում։

«Միասնության թևեր» կուսակցությունն իր քարոզարշավն իրականացրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Նրանք շրջել են փողոցներում, զրուցել մարդկանց հետ։

Զրուցելով տաքսու վարորդների հետ՝ Արման Թաթոյանը նշել է․ «Մենք պետք է ունենանք խախտումների տեսակներ, որոնց դեպքում միավորներ չպիտի հանեն։ Սահմանված 13 բալերը պետք է բարձրացնենք, դարձնենք 16 կամ 18»,- ասել է Թաթոյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը և կուսակցության այլ անդամներ եւս այցելել են «Հաղթանակ» զբոսայգի․ «Հիշել հաղթանակները կարևոր է։ Բայց առավել կարևոր է ունենալ այնպիսի պետություն, որն ունակ է կերտել նոր հաղթանակներ՝ իր ժողովրդին մոտիվացնելով»,- նշված է կուսակցության հայտարարությունում։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք են մատուցել նահատակների հիշատակին։ «Մեր եռատոնի գաղափարը, որ այսօր մարդկանց բերած պարտությունների արդյունքում դարձել է ափսոսանքի օր, պետք է մեր ազգը վերականգնի հաղթանակի զգացողությունը, հայ անունը և հաղթանակը պետք է ապագայում իրար հետ քայլեն»,- ասել է կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպումներ և հավաքներ են ունեցել Սիսիանում, Գորիսում և Կապանում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քարոզչական երկրորդ օրը դարձյալ անցկացրել են Սյունիքի մարզում։ Նրանք Կապան համայնքի Բաղաբուրջի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել բոլոր նահատակների հիշատակին։

ՔՊ-ի անդամներն այնուհետև Մեղրիում հանդիպել են քաղաքացիների հետ։ Կուսակցությունն օրն ավարտել է Կապանում հանրահավաք անցկացնելով։ Հանրահավաքին ՔՊ-ն ներկայացրել է Սյունիքում իրականացվող ծրագրերի պետական ֆինանսավորման ծավալները։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը հոլովակ է հրապարակել՝ նշելով, որ այս ընտրություններով որոշվելու է Հայաստանի նոր ուղղությունը։

«Ինչպես անենք, որ Հայաստանը խաղաղություն հաստատի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց պահպանի իր ինքնիշխանությունը։ Ինչպե՞ս անենք, որ Հայաստանը չդառնա կռվադաշտ ռուս-եվրոպական և ամերիկա-իրանական պատերազմների համար։ Ի՞նչ անենք, որ հաղթահարենք Հայաստանի ցամաքային մեկուսացվածությունը։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում, բայց մեր քաղաքական ուժերը զբաղված են նրանով, որ հեքիաթներ են պատմում, առաջարկում են լավ կյանքի խոստումներ և, ըստ էության զբաղված են պատրանքի վաճառքով։ […]

Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է խելամիտ ուղի դեպի ինքնիշխան խաղաղություն, մեր ամբողջ քաղաքական տնտեսական և հանրային համակարգի առողջացում,- նշել է Զուրաբյանը տեսանյութում։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն իր քարոզարշավն այսօր սկսել է Արագածոտնի մարզից՝ Օհանավանից և Կարբիից։ «Օհանավանը և Կարբին այսօր ապացուցեցին՝ Հայաստանը արթնանում է, հունիսի 7-ին Պուտինը պետք է պարտվի, նրա էմիսարները պետք է ջախջախվեն»,- նշվում է կուսակցության տարածած հայտարարությունում։

Ռեֆորմիստների կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպումներ և քարոզչական ակցիաներ է անցկացրել Երեւանի Կենտրոն վարչական շրջանում և Արաբկիր վարչական շրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց քաղաքական առաջնահերթություններն ու նախընտրական ծրագրի հիմնական դրույթները։

Քարոզարշավից առաջ կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետի թեկնածու Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, այցելել են Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին։

Հայաստանի շնորհապետական կուսակցության անդամներն առավոտյան այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին, ապա ուղևորվել են Գյումրի և Թալին` քարոզարշավի։

Կուսակցության հիմնադիր, վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանը ֆեյսուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշել է՝ համայնքապետները պետք է լինեն ապակուսակցական, որպեսզի ծառայեն ոչ թե նեղ քաղաքական, այլ երկրի շահերին։

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսել է թելեթոն-հանգանակությամբ։

Կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին հրավիրել են միանալ քարոզարշավին և համալրել քարոզչական թիմերը՝ այցելելով կենտրոնական գրասենյակ։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը մայիսի 9-ին հավաք է անցկացրել Հաղթանակ զբոսայգում՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։

«Հայաստան» դաշինքի անդամները՝ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինծառայողների հիշատակին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանը նշել է, որ հերոսների հիշատակը լավագույնս պահելու ձևը նրանց գործին հավատարիմ մնալն է։

«Հերոսների հիշատակը լավագույնս պահելը նրանց գործին հավատարիմ լինելն է։ Կարծում եմ՝ սա ամենամեծ խորհուրդն է և այն, ինչ այսօր բավականաչափ բացակայում է»,- հայտարարել է Քոչարյանը։

«Հանրապետություն» կուսակցությունը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել է քարոզարշավ՝ մարդկանցից խնդրելով համբերություն քարոզչական շրջանում։

Կուսակցության վարչապետի թեկնածուն հայտարարել է, որ իրենք այն ուժն են, որը հաղթանակ է առաջարկում, հաղթանակ՝ առանց արյուն, հիմնված գիտելիքի ու աշխատանքի վրա։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամները եւս այցելել են Հաղթանակ զբոսայգի՝ հարգելու նահատակների հիշատակը։ Այնուհետեւ շփվել են քաղաքացիների հետ ու թռուցիկներ բաժանել։

ԴՕԿ կուսակցությունը քարոզարշավը սկսել է մայիսի 9-ին՝ մեկնաբանելով, որ իրենց պայքարը պարզապես ընտրության պայքար չէ, այլ հաղթանակի, արժանապատվության և ազգային կամքի պայքար.

«Մենք մեր մեկնարկը կապեցինք այն օրվա հետ, որի մեջ կա հաղթանակի հիշողություն, զոհված հերոսների արյուն, Շուշիի ազատագրման ոգի և հայ ժողովրդի չկոտրված բնավորությունը։

Այս պայքարը պաշտոնների համար չէ։ Սա պայքար է՝ ստրկացված մտածողությունը կոտրելու, անարդարությունը վերացնելու, և հայ մարդուն իր արժանապատվությունը վերադարձնելու համար»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Գլխավոր նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն