Ռուսե կատարած այցի շրջանակում Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպում ունեցավ Լյուբեն Կարավելովի անվան գրադարանի տնօրեն Թեոդորա Եվտիմովային։ Կողմերը քննարկեցին Գրադարանում տարվա ընթացքում կազմակերպվող տարբեր միջոցառումների շրջանակում Հայաստանի գրադարանների հետ համագործակցության հնարավորությունները։ Այս մասին հայտնում է Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Նույն օրը երեկոյան Գրադարանի պատկերասրահում բացեց դիվանագետ և լրագրող Վասիլ Վասիլևի «Հայաստանի գույները Ռուսեում» ցուցահանդեսը: Միջոցառումը կազմակերպվել էր «Անժելա Չաքարյան 2008» ՀԿ-ի և ՀԲԸՄ Ռուսեի գրասենյակի կողմից։
Քաղաքապետի ուղերձը կարդաց Ռուսեի քաղաքապետարանի Կրթության և մշակույթի տնօրինության տնօրեն Ցվետոսլավ Դիմիտրովը: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրադարանի տնօրեն Թեոդորա Եվտիմովան: Ցուցահանդեսի հեղինակի մասին խոսեց ՀԲԸՄ Ռուսեի մասնաճյուղի նախագահ, դոկտոր Բողոս Գարջարյանը։
Վասիլ Վասիլևը տարիներ առաջ Հայաստանում եղել է դիվանագետ և որպես սիրողական լուսանկարիչ սկսել է լուսանկարել Հայաստանի տեսարժան վայրերը։ Այնուհետև, արվեստի պատմության նկատմամբ հետաքրքրությունը և Հայաստանի հանդեպ հիացմունքը առիթ են հանդիսացել Վասիլևի համար վրձինը վերցնելու և արվեստի սպառողից արվեստի ստեղծողի վերածվելու համար։
Յուղաներկը սիրողական նկարչի հիմնական արտահայտչամիջոցն է, սակայն նա նկարում է նաև ջրաներկով, յուղով և չոր պաստելով, հալած մոմով և ժանրային մեծ բազմազանությամբ՝ դիմանկարներ, բնանկարներ, կոմպոզիցիաներ, նատյուրմորտներ։ Վասիլ Վասիլևի յուրաքանչյուր նկար ունի իր պատմությունը և կապված է կոնկրետ դեպքերի, սիրելի վայրերի, իրադարձությունների հետ։
«Հայաստանի գույները Ռուսեում» ցուցահանդեսը Գրադարանային պատկերասրահում կմնա մինչև մայիսի 15-ը»,-ասված է հաղորդագրության մեջ։