«Հայաստան» դաշինքը քարոզարշավի երրորդ օրը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և այլ անդամներ Գեղամասարում հանդիպել են քաղաքացիների հետ, զրուցել։
Քոչարյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր»․
«Ավելի մեծ հիմարություն դժվար է հորինել, բայց մենք հասել ենք այն հանգրվանին, որ այդպիսի արտահայտություններ հանգիստ անում են ու հետո ևս հնարավորություն ունեն շփվելու ժողովրդի հետ։ Իմ ուղեղում սա չի տեղավորվում։
Պատկերացրեք հետևյալը․ մեկը մի տուն է կառուցում, տան սեփականատերերը փոխվում են և վերջում գալիս է մեկը, որն անգրագետ է, տգետ է, որը որոշել է, որ տան հետ կապված պետք է ամեն ինչ փոխել․ այս պատը պետք է փոխել, ֆունդամենտը պետք է փոխել, նկուղը փոխել․․․ վերջը տունը փլվում է։ Ո՞վ է մեղավոր այդ տան փլման մեջ։ Ոչ թե ինքն է մեղավոր, որ ամեն ինչ քանդեց, ամուր տունը թուլացրեց, և այդ արդյունքում այդ տունը փլուզվեց, այլ ասում է նա է մեղավոր, որ այդ տունը կառուցել է ժամանակին»։
Քոչարյանը նշեց, որ զարմանալին այն է, որ այդ վիճակը հանդուրժում են, սակայն ընդգծեց, որ հունիսի 7-ին հնարավոր է փոխել դա։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում քարոզարշավի ընթացքում ելույթ ունենալիս հայտարարել է․ «Շատերն են ասում, որ ես ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այո, ասել եմ, հավատարիմ եմ եղել այդ գաղափարին, և մենք գնացել ենք դրա հետևից, 1 քայլ, 2 քայլ, 3 քայլ, մենք հասկացել ենք, որ այստեղ մի պատմություն էն չի, մի բան էն չի, մենք մի բան սխալ գիտենք, մենք մի տեղ ինքներս մեզ խաբում ենք։ Եվ այո, պետք ա արձանագրել, որ Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ ա եղել մեզ համար»։