«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը այսօր քարոզարշավը սկսել է Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև։
«Այս մարմինը Հայաստանի դատական իշխանության ամենաբարձր և ամենաանկախ մարմինը պետք է լինի, բայց մենք ի՞նչ ունենք։ Վերջին 8 տարիների ընթացքում բոլոր խոստացված բարեփոխումները ձախողվել են, և այս մարմնի ներկայացուցիչները մասնակցում են վարչապետի ներկայությամբ ինչ֊որ ժողովների։
Սա մեկ, մյուսը նաև, որ վերջին 8 տարիների ընթացքում մենք կարող ենք արձանագրել, որ 5 նախագահ է փոխվել, այսինքն` 5 անգամ այս մարմնի ղեկավարը փոխվել է, ինչը չի խոսում բացարձակապես անկախ մարմին ունենալու մասին։
Մյուս հանգամանքը` այս մարմնի նախագահներից 1-ը աշխատանքից ազատվել է վարչապետի Whatsapp գրառումով, այսինքն, որ Whatsapp-ով մեսիջ է ուղարկել, մարդը հրաժարական է տվել»,- ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է նաև այս ռեֆորմը, և ինչու՞ հունիսի 7 պետք է ժողովուրդը փոխի իշխանությունը, որովհետև չունի արդար, անկախ դատական համակարգ․ «Եթե նախկինում ցածր աշխատավարձերով էին դատավորները մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություններ տալիս, այսօր բարձր աշխատավարձերով են մարդկանց հեռախոսները լսելու թույլտվություն տալիս։ Եթե նախկինում դատավորները խափանման միջոցը կալանք էին ընդունում ցածր աշխատավարձով, այսօր բարձր աշխատավարձով են մարդկանց կալանավորում»։
Խոսելով Հայաստանը Եվրոպա տանելու մասին՝ Մարուքյանն ընդգծեց, որ ոչ թե Հայաստանն են տանում Եվրոպա, այլ եվրոպական չափանիշներն են բերելու Հայաստան։ «Դա նրա մասին չի, որ Անտոնիո Կոշտան գա Երևանում ելույթ ունենա, դա նրա մասին է, որ մանկապղծության դեպքը չի կոծկվում»։
Մարուքյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր ինստիտուտները վերցրել է իր վրա, դրա համար Հայաստանում չկան ինստիտուտներ։
Հիշեցնելով, որ Փաշինյանն ավելի վաղ խոսել է երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին՝ Մարուքյանը նշեց․ «Անդադար ձախողել ամեն ինչ, հետո մի գրքում կամ մի հատ ինչ֊որ ֆիլմ նայել ու տեսնել, որ վայ Ամերիկայում երդյալ ատենակալների ինստիտուտ կա, գալ, հիմա էլ դրանից խոսալ, որ ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, որ մենք երդվյալ ատենականների ինստիտուտ ներդնենք, որ անկախ դատարան լինի․․․։ Մենք ձեզ ասում ենք` սիրելի հայրենակիցներ, դուք հունիսի 7 հնարավորություն ունեք քվեարկելով մեր օգտին, ամբողջությամբ վերից վար փոխելու այս համակարգը։ Ուրիշ տարբերակ չկա»։
Կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանն էլ նշեց՝ առանց անկախ դատական համակարգի որևէ պետություն չի կարող արդյունավետ գոյություն ապահովել․ «Առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ քաղաքական համակարգ, առանց անկախ դատական համակարգի չի կարող լինել առողջ բիզնես միջավայր, անընդհատ խոսում է ներդրումների մասին, որևէ լուրջ ներդրող չի ուզենա գա մի տեղում ներդրումներ անի, որտեղ որ չկա վստահելի միջավայր, որտեղ ինքը վստահություն չի ունենա, որ պետությունը կամ կրիմինալը ռեգետի ճանապարհով չի ընթանա»։