news.am Երևանում մեզ դիմավորում են առանձնակի ջերմությամբ և մեծ ոգևորությամբ, այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կողմնակիցների մեծ բանակ ունի, և կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ համոզիչ հաղթանակ կտանի մայրաքաղաքում։ Այս մասին մայիսի 11-ին Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Սակայն մի քանի րոպե առաջ նրան դիմել էր մի քաղաքացի՝ բողոքելով, որ իշխանությունները չեն կատարել ավելի վաղ տված խոստումները։ «Մենք հինգ տարի առաջ հավատացինք ձեր հեքիաթներին։ Էն որ ասում էիք՝ «Ասեք՝ կանենք»։ Ասեցինք, բա խի՞ չարեցիք։ Դուք ասում էիք, որ բոլոր փոսերն ասֆալտապատելու եք, բայց հիմա, որ մի հատ լադոկ ենք ընկնում՝ անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք», – հայտարարել է տղամարդը։ Տիգրան Ավինյանը պատասխանել է, որ քաղաքի կենտրոնական փողոցներում փոսեր չկան, ինչի հետ քաղաքացին չի համաձայնել՝ պնդելով, որ փոսերն ամենուր են։
Ավինյանը, շարունակելով լրագրողների հետ զրույցը, վստահեցրել է նաև, որ երբևէ չի խմբագրել «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ժամկետների վերաբերյալ հայտարարությունը՝ հայտնելով, որ ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրներ չկան։ «Մեր երկրում տասնամյակներ շարունակ մետրոյի կայարաններ չեն կառուցվել, դրա համար էլ մենք չունենք համապատասխան գիտելիքներ։ Այս ամբողջ ժամանակը ծախսվել է նախագծի ուսումնասիրության վրա»,- ընդգծել է նա։
Ավինյանը հավելել է, որ այժմ նախագիծը պատրաստ է, փորձաքննությունն ավարտված է, հողերը կօտարվեն դրանք որպես գերակա հանրային շահ ճանաչելուց հետո, իսկ այնուհետև՝ այս տարի, կհայտարարվի կայարանի շինարարության մեկնարկի մասին։
Պատասխանելով օդի վատ որակի վերաբերյալ քննադատություններին՝ նա հայտարարել է, որ դա մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող խնդիր է և կապված է քաղաքի բնակլիմայական պայմանների հետ, իսկ այն ամենը, ինչը կախված է իշխանություններից, իրենք անում են։