Varchabend

Գյումրիում միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը». Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am  Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքեց Գյումրիում անցկացված համերգի շուրջ քննադատություններին՝ հայտարարելով, որ միջոցառումը նվիրված էր «Հյուսիս-հարավ» ճանապարհի պաշտոնական բացմանը։

«Եթե համարում եք, որ «Հյուսիս-հարավի» կառուցումը կուսակցական միջոցառում էր, կարող ենք դա համարել կուսակցական միջոցառում: Կարծում ենք՝ «Հյուսիս-հարավի» Աշտարակ-Գյումրի հատվածի կառուցումը պետական մակարդակի և նշանակության միջոցառում է, այնպիսի միջոցառում է, որը արժե նշել», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ համերգի կազմակերպմանը մասնակցել են ճանապարհաշինական աշխատանքներին ներգրավված ընկերությունները։ «Չեմ կարծում, որ այդ մեծ իրադարձությունը արժե տեղավորել կուսակցական շրջանակներում»,- ասել է վարչապետը։

Անցած ամիս «Խաղաղության ձայնը» անունով երաժշտական փառատոնի երկու համերգներ կազմակերպվեցին Գյումրիում և Երևանում։ Երաժշտական փառատոնի Գյումրիի համերգին մասնակցեց նաև Նիկոլ Փաշինյանի «Վարչաբենդ» անունով երաժշտական խմբակը, որի պաստառներին գրված էր Կառավարության ծրագրային դրույթը՝ «Իրական Հայաստան»։ Համերգի հովանավորն էր Fast Bank-ը, որի սեփականատերերն են Վահե և Վիգեն Բադալյանները: Վերջիններս ջերմ հարաբերություններ ունեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Դիտորդները պնդել էին՝ երաժշտական այս փառատոնը կարելի է ընկալել որպես «բնեղենով նվիրատվություն կուսակցությանը՝ ՔՊ-ին»:

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է, որ քրեական վարույթ չի նախաձեռնել իշխող «Քաղաքացիական պայմանագրին» Fast Bank-ի կողմից ենթադրյալ ապօրինի նվիրատվություն կատարելու դեպքի առթիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն