armenpress.am «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրականացրել է իրազեկման ակցիա՝ հանրությանը տեղեկացնելով խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության և ծրագրերի մասին։
Կուսակցության ցուցակի 10-րդ համար Արմեն Ադամյանն ընդգծել է, որ իրազեկման ակցիան կազմակերպվել է այն պատճառով, որ «2020 թվականին «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի ձևավորումից ի վեր՝ կուսակցությունը գտնվել է մեդիա բլոկադայի մեջ»:
«Սակայն 5-6 տարվա աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվեց որոշ չափով ճեղքել այդ բլոկադան։ Ժողովրդի մի հատված արդեն ճանաչում է մեզ, և մենք խնդիր ունենք մեր ժողովրդին հասցնելու, որ մասնակցում ենք այս ընտրություններին՝ որպես ազգային ուժ։ Մենք ցանկանում ենք մեր ընտրողին հնարավորություն տալ քաղաքական դաշտում առկա ուժերի ցանկում կատարել իսկապես ազգային նպատակներ հետապնդող, ազգային պետություն կառուցելու ունակ ուժի ընտրություն և փոխել Ազգային ժողովում 2021 թվականից ի վեր ձևավորված քաղաքական դասավորությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով Ազգային ժողով մտնելու դեպքում իրենց անելիքներին՝ Ադամյանը նշել է, որ այն աշխատանքը, որը տարիներ շարունակ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը կատարել է թե՛ արտերկրում՝ մասնավոր լոբբիստական գործունեության միջոցով, թե՛ երկրի ներսում՝ ժողովրդին ծրագրերը ներկայացնելով և առկա մարտահրավերներին իր լուծումները առաջարկելով, շարունակելու են արդեն որպես խորհրդարանական ուժ։
Ադամյանի խոսքով՝ իրենք պետք է լինեն համառ և հույս ունեն, որ ժողովուրդը կկանգնի իրենց կողքին, կլսի իրենց ձայնը և իր քվեով հնարավորություն կտա խորհրդարանում ունենալ ժողովրդի շահերը պաշտպանող և ազգային նպատակներ հետապնդող ուժ։
Նա հավելել է, որ քարոզարշավը իրականացնելու են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։