news.am Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է բավարարել հանրապետության կարիքները «մեկ դարով»։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել էր մեծ հզորության կայանի նախագիծ, որը՝ եթե դա լինի հայկական ղեկավարության կամքով, կբավարարեր երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներով, իսկ գուցե՝ դարերով։ Միևնույն ժամանակ, այն վերջնական սպառողի համար կապահովեր էլեկտրաէներգիայի մատչելի սակագներ, ինչը, ի թիվս այլնի, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը», — ընդգծել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը միջուկային տեխնոլոգիաների գլոբալ առաջատարն է և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար այդքան կարևոր ոլորտում, ինչպիսին է էներգետիկան։ Միևնույն ժամանակ, ռուսական կողմը պատրաստ է կիսել նաև թվայնացման ոլորտի իր տեխնոլոգիաները։ «Այսօր մեր երկիրը աշխարհի երեք պետություններից մեկն է, որն ունի ամենաառաջադեմ լուծումները», — նշել է Կալուգինը։ Նրա խոսքով՝ օտարերկրացիները նշում են Ռուսաստանում զարգացած ինտերնետ-բանկինգը, ինչպես նաև «պետական ծառայությունների և առողջապահության թվայնացման մեջ ձեռքբերումները»։