aravot.am «Եկել ենք քաղաքացիներին ասելու, որ քաղաքացիները հնարավորություն ունեն հունիսի 7-ին այս համակարգը փոխելու։ Երբ էլեկտրոնային համակարգով քաղաքացու հաշիվները սառեցնում եք, հետո ամիսներով քաղաքացին դեգերում է այս շենքի մոտ, որ կարողանա այդ համակարգը փոխել»,- ԴԱՀԿ շենքի մոտ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին դիմեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
ԼՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավն այսօր իրականացնում էր ԴԱՀԿ շենքի մոտ։ Խոսում էին համակարգի խնդիրներից, մասնավորապես՝ քաղաքացիներին տուգանելու մեխանիզմներից։ Սրբուհի Գալյանը դուրս եկավ շենքից և միացավ քարոզարշավ իրականացնողների խմբին։
«Այլ կերպ ինչպե՞ս է հնարավոր տուգանքը գանձել, եթե քաղաքացիների հաշիվների վրա կալանք չդրվի»,- տարակուսեց Սրբուհի Գալյանը։
«Տիկին նախարար, դուք այսօր պետական բյուջեում տուգանք եք պլանավորում։ Ինչպե՞ս կարելի է մարդկանց տուգանելը պլանավորել որպես եկամտի աղբյուր։ Հեղափոխությունից ութ տարի անց մարդը շարունակում է տուգանվել՝ անդադար»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Ուզում եք ասել՝ իրավախախտումները հանե՞նք»,- հնչեց Սրբուհի Գալյանի արձագանքը։
«Տուգանքի ձև կա, չափ կա։ Ինչի՞ մի հատ գծի համար մարդը պետք է տուգանվի։ Ինչի՞ պիտի էլեկտրոնային համակարգը ավտոմատ սառեցնի, հետո ավտոմատ չապաարգելափակի»,- ասաց Էդմոն Մարուքյանը։ Զրույցին ներկա ԴԱՀԿ պետը խոստացավ՝ ավելի ուշադիր լինել։
Սրբուհի Գալյանն էլ հավելեց՝ ԴԱՀԿ-ն այն ծառայությունը չէ, որի աշխատանքից քաղաքացիները մշտապես գոհ լինեն, քանի որ այն զբաղված է դատական ակտերի կատարմամբ, և այդ դատական ակտերը մարդկանց գույքին են վերաբերում։
«Ժամանակին դրանք դատական ակտեր էին, իսկ հիմա, առանց դատական վերահսկողության, պետությունը մարդկանց գրպանները դատարկում է»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում