Իջևանի «Գրանդ տեքստիլ» կարի արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիները նորից գործադուլ են անում։ Դեսպանատնից ուրբաթ օրը աշխատողներին համոզել են կասեցնել բողոքը՝ խոստանալով բանակցություններ սկսել երկուշաբթի, բայց ոչինչ չեն ձեռնարկել: Դերձակները կրկին դուրս են եկել փողոց։
Ֆաբրիկայի տնօրենը, որը 3 օր անտեսում էր աշխատողներին և նույնիսկ զանգերին չէր պատասխանում, երկուշաբթի եկել է գործադուլավորների մոտ, հայհոյել և սպառնացել նրանց, ինչպես սովորաբար անում է աշխատանքի ընթացքում՝ Epress.am-ին պատմել են դերձակները։
Մայիսի 8-ին մի քանի տասնյակ միգրանտ աշխատողներ գնացել են Իջևանի ոստիկանության բաժանմունք՝ տնօրինության դեմ հաղորդում ներկայացնելու։
Ոստիկանները չեն ընդունել նրանց դիմումը և խնդրել են վերադառնալ արտադրամաս։ Միգրանտ աշխատողներին անտեսել է նաև Հնդկաստանի դեսպանատունը՝ հորդորելով ինքնուրույն լուծել գործատուի հետ խնդիրները։
Հնդկաստանի՝ գործադուլ հայտարարած քաղաքացիները պատմել են, որ ապրում և աշխատում են գործարանի տարածքում, պայմաններն անտանելի են, հաճախ հիվանդանում են, բայց ոչ մի բուժօգնություն են ստանում։ Տնօրենը ստիպում է նրանց պայմանավորվածից 2 անգամ ավելի շատ բաճկոններ կարել, ինչը գործնականում անհնարին է․ «Նա իսկապես խոշտանգում է մեզ», – պատմել է դերձակներից մեկը։
Դերձակները նշել են, որ պայմանագրում նշված 8-ի փոխարեն իրենց ստիպում են 11-12 ժամ աշխատել օրական։
Ինչպես հայտնում է Epress անկախ լրագրողների ցանցը, Իջևանի ոստիկանությունը հրաժարվել է մեկնաբանել, իսկ ՆԳՆ-ից ասել են, որ բողոք չի եղել։
«8 ամսի առաջ՝ նախորդ գործադուլի ժամանակ, Հնդկաստանի դեսպանությունը և ՀՀ աշխատանքի տեսչական մարմինը, արձագանքելով հրապարակումներին, եկել էին գործարանի տարածք, և խոստումներ կորզել տնօրենությունից, որ աշխատավարձը կբարձրանա, աշխատանքային պայմանները կբարելավվեն։ Սկզբից որոշ փոփոխություններ եղան, դադարեցին մեզ ատրճանակով սպառնալ, հետո նորից խաբեցին և սկսեցին տանջել», – ասել է հնդիկ միգրանտներից մեկը։