armenpress.am «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Տավուշի մարզում։
Կուսակցության ներկայացուցիչները եղել են Զորականում և Բագրատաշենում, շրջել են փողոցներում, թռուցիկներ բաժանել քաղաքացիներին և լսել նրանց հուզող հարցերը։
Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում կուսակցության անդամ, նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն անդրադարձել է մարզում գյուղմթերքի իրացման խնդիրներին։
«Ձեր շրջանում կա մեկ խնդիր, դա մթերման խնդիրն է։ Գյուղացիները արտադրում են, գյուղացիները բերքը կարող են այգում ստանալ, բայց վաճառքի տեղ չունեն»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայաններ, որոնք գյուղացիների հետ տարվա սկզբից պայմանագրեր կկնքեն։
«Գյուղացին հնարավորություն է ունենալու իր ապրանքը երաշխավորված վաճառել մթերման կայանին, ու պետությունն է լինելու երաշխավորը, որ դուք լավ գնով վաճառեք այդ ապրանքը»,- հայտարարել է նա։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։