ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
«Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է Հայաստանի Հանրապետության համար կարևորագույն փուլում դիտորդական առաքելության անգնահատելի ներդրումը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացների վերաբերյալ հանցագործությունների կապակցությամբ Քննչական կոմիտեի կողմից իրականացվող լիազորություններին։
Հանդիպման ընթացքում Արթուր Պողոսյանն անդրադարձել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի լիազորություններն առավել պատշաճ կազմակերպելու նպատակով իր հրամանի համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, որի նպատակն է ընտրական գործընթացին առնչվող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման, ապա քրեական վարույթներով նախաքննության իրականացման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը։
Արթուր Պողոսյանը նաև նշել է, որ նախընտրական փուլում, ընտրության օրը և դրան հաջորդող օրերին Քննչական կոմիտեն իրականացնելու է ուժեղացված ծառայություն՝ ողջ անձնակազմով։
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել տեղեկատվության շարունակական փոխանակումը և վստահեցրել, որ համագործակցությունը կունենա շարունակական բնույթ»,-նշված է հաղորդագրությունում։