11010037_0_94_1000_657_1920x0_80_0_0_b2d35f5a739ed5859b58118ec3321adf

Դատախազությունը Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն

Հայաստանի Հանրապետության դատախազությունը 2025 թվականին Բելառուսի Հանրապետություն է ուղարկել Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Մասնավորապես՝ 2025 թվականի հունվարի 10-ին Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազություն է ուղարկվել Նվեր Ծառուկյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու մասին միջնորդություն: 2025 թվականի նոյեմբերի 14-ին ստացվել է Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գրությունն այն մասին, որ հանձնման մասին միջնորդությունը կքննարկվի կիրառելի միջազգային պայմանագրի հիման վրա՝ Բելառուսի Հանրապետության տարածքում նրան հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո:

Հիշեցնենք նաև, որ Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 24-ին տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան են հանձնվել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և բացահայտ հափշտակության մասնակիցներ՝ Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցներ Մ.Ս.-ի, Գ.Դ.-ի և Դ.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթից անջատված նյութերը:

Ն.Ծ.-ի անվտանգության աշխատակիցների նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2025 թվականի հունվարի 13-ին՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գույքի պահպանման համար նախատեսված միջոցը վնասելով կողոպուտ կատարելը), ինչպես նաև 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարող անձին աջակցելը):

Դատախազը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ծ.-ի անվտանգության ևս երկու աշխատակցի՝ Ա.Ա.-ի և Ա.Մ.-ի, նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 2-րդ կետերով և 474-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական վարույթից Ա.Ա.-ի վերաբերյալ անջատված մասը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին հանձնվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ա.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ այսօր քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի՝ Լուկաշենկոյի մասին խոսքերին, ասել էր․

 «Մեկը կա, մեծ-մեծ խոսում ա, Բելառուսի նախագահին ա պաշտպանում ՀՀ-ում: Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել, Կոտայքում կրակել ա ու հիմա փախած ա: Բռնելու ենք, բերենք նստեցնենք: Լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ չի փրկելու, Ռոբիկ հորեղբայրդ էլ։ Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարե՞լ ա, լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն