IMG_3425

Փաշինյանի սպառնալիքից հետո Դատախազությունը հաղորդագրություն է տարածում Նվեր Ծառուկյանի վերաբերյալ․ դա քաղաքական պատվերի դրսևորում է․ Սուրեն Սուրենյանց

ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Հանգիստ քարոզարշավ էր սկսվել 3, 4 օր առանցքային քաղաքական ուժերը պտտվում էին տարբեր համայնքներում, քաղաքներում, մարզերում, ներկայացնում էին իրենց մոտեցումները, ընդ որում, ընդդիմադիր որևէ լուրջ սեգմենտ 1-ինը չի նախաձեռնել էդ ատելության քարոզչությունը, անձնական թիրախավորումը։ Մրցակցին ոչնչացնելու մոլուցքով չենք տառապել, հակառակը, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը անձամբ պարոն Ծառուկյանի շուրթերով քարոզարշավի մեկնարկի օրը հայտարարեց, որ մենք ցիվիլ, քաղաքակիրթ, ծրագրային, այոց չթիրախավորող, այլ սուբյեկտների քարոզարշավի կողմնակից ենք։ Բայց սկսեց այն, ինչը բնորոշ է հենց Նիկոլ Փաշինյանին։ Էդ մարդը ընդդիմություն կլինի, իշխանություն կլինի, տարբեր իրավիճակներում կլինի, մարդու բնույթը չի փոխվում»։ 

Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանը երեկ բացահայտ սպառնալիք հնչեցրեց Գագիկ Ծառուկյանի հասցեին․ «Այսինքն` որևէ մեկը, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, թեկուզ քաղաքակիրթ, կամ հավակնում է ազդեցիկ լինել, միանգամից արժանանում է բացահայտ սպառնալիքին Նիկոլ Փաշինյանի, բայց ավելի սարսափելի բան է երեկ տեղի ունեցել։ Երեկ անմիջապես էդ սպառնալիքից հետո Դատախազությունը տարածում է հաղորդագրություն, որ դիմել են Բելառուսի իրավապահ մարմիններին` Նվեր Ծառուկյանին Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու հայցով։ Տեսեք, սա արդեն դեմոկրատիայի, ընդհանրապես ժամանակակից պետության բոլոր սկզբունքների խախտում է», – ասել է նա։ 

Սուրեն Սուրենյանցի խոսքով, երբ պետության ղեկավարը հնչեցնում է սպառնալիք, և այդ սպառնալիքը անմիջապես դառնում է իրավապահ մարմինների պատժիչ գործիքակազմ, դա քաղաքական պատվերի դրսևորում է․ «Այսինքն` պետական ինստիտուտները այնպես են արժեզրկվում, որ դառնում են Նիկոլ Փաշինյանի անձնական քաղաքական հաշվեհարդարի գործիքը»։ 

Սուրենյանցի խոսքով՝ Փաշինյանն իր վախերն է բացահայտում, որ այլևս չի տիրապետում իրավիճակին․ «Վախենում է, որ մի կողմից էլեկտորալ այս գործընթացը կարող է ավարտվել իր իշխանության ֆիասկոյով, մյուս կողմից իշխանությունը ամեն գնով պահելու մոլուցքով ռեպրեսիվ հրամաններ է տալիս փողոցային բառապաշարով։ Բան ունե՞ս մրցակցիդ ծրագրի հետ վիճի, մրցակցիդ` ասելիքի հետ վիճի, մրցակցիդ կերպարի հետ, վիճի։ Կամ հարց էդ նո՞ր իմացար, որ Նվեր Ծառուկյանը երկրում չի։ Ընտրողական արդարադատությունը իրավական պետության գերեզմանափորն է, դրա համար էլ իսկական արդարադատությունն է տուժում, ինչը մենք տեսանք», – նշել է Սուրենյանցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն