«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Սյունիքի մարզի բնակիչներին․
«Սյունիքում ենք ու անընդհատ փորձում եմ հասկանալ այն ձգողականությունն ու հեքիաթային ուժը, որն ունի այս հրաշք վայրը՝ իր աշխարհագրական դիրքով, բնությամբ և մարդկանցով։ Միանշանակ, Լեռնահայաստանը՝ Գարեգին Նժդեհ-ով, այսօրվա հայ պետականության սկզբնաղբյուրն է։
Սյունիքը նաև Հայաստանի տնտեսական հզորացման հենքն է։ Հրաշալի բնություն, տարվա բոլոր 4 եղանակները. Զանգերում՝ ձյուն, Մեղրիում՝ ամառ։ Միակ խնդիրը, որ կա Սյունիքում, նոսր բնակչությունն է՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա ընդամենը 30 մարդ։ Ո՞րն է պատճառը…
Սյունիքում են գտնվում ՀՀ արդյունաբերական ներուժի ամենաշահութաբեր գործարանները, սակայն այստեղ ստեղծված հարստությունը դուրս է հանվում՝ վերածվելով Երևանում և շվեյցարիաներում շքեղ առանձնատների։ Սրանից ելնելով էլ երիտասարդությունը, կայանալու մղումով, հեռանում է՝ գնում Երևան, որտեղ կենտրոնացված է բիզնեսը, նոր հնարավորություններն ու փողերը։
Իրավիճակը շտկելու տարբերակը մեկն է․ ԱՊՀ-ում կույրաղիք համարվող Սյունիքը պետք է վերածել տարանցիկ կոմունիկացիաների և բիզնեսի կենտրոնի։ TRIPP նախագիծը լուծում է այս խնդիրը՝ Սյունիքը դարձնելով համաշխարհային նշանակության կենտրոն և թուլացնելով տարածաշրջանի անհամաչափ կախվածությունը ՌԴ-ից։
ՀՀ-ն փոքր, բայց զգուշավոր քայլերով շարժվում է դեպի իրական անկախություն, սակայն կան քաղաքական ուժեր, որոնք կախվել են Հայաստանի ոտքերից ու ձգում են հետ՝ փորձելով թույլ չտալ այդ ընթացքը։ Համոզված եմ, որ հունիսի 7-ի իր ընտրությամբ սյունեցին մերժելու է այդ ուժերին, քանի որ միայն այդ դեպքում է, որ հեռացած սյունեցին վերադառնալու է։
ՀՀ-ի ամենախոշոր ներդրումները՝ թե՛ ճանապարհների, թե՛ արդյունաբերության ոլորտներում, լինելու են հենց այստեղ։
Սյունեցի ջան, պատրաստվիր մեծ փողերի վերադարձին։ Սյունիքում տների և հողերի գները շուտով կտրուկ թանկանալու են։ Սյունիքը դառնալու է Հայաստանի ամենահարուստ և ամենախիտ բնակեցված մարզը։
Մեզ պարզապես մի փոքր տեմպ տալ է պետք, քանի որ այսօրվա իշխանությունները խիստ չեն Հայաստանի ոտքերից կախված նախկինների հանդեպ, իսկ TRIPP-ի մասով էլ դանդաղում են։ Մեր ներկայությունն է, որ ԱԺ-ում կապահովի նշածս տեմպը և կօժանդակի արևմտյան ներդրողին։
Սյունիքից է շարժվելու ՀՀ տնտեսության լոկոմոտիվը, որի առաջին քայլերն արդեն տեսանելի են, ու փառք Տիրոջը…»,- նշված է Սարգսյանի գրառման մեջ։