civilnet.am Ախալցխայի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է տեղի ունեցել։ Անհայտ անձիք եկեղեցու սրբապատկերները դուրս են բերել և նետել աղբամանի մոտ։
Ախալցիխեի և Բորժոմիի հայկական համայնքների հոգևոր տեսուչ Տեր Հակոբ Աբեղա Սահակյանը համացանցում հրապարակված տեսանյութում հայտնել է, որ դիմել են պատկան մարմիններին՝ պարզելու տեղի ունեցածի պատճառն ու մեղավորներին։
Սահակյանը նշել է, որ սրբապատկերների մեծ մասը հայկական են, մյուս մասը՝ վրացական։
«Մենք ցանկանում ենք, որ սա արձագանք գտնի մեր պատկան մարմինների կողմից և վերահսկվի եկեղեցին, որ այսպիսի քայլերը չկրկնվեն և մեր ժողովրդին չտանեն թյուրիմացության, երկու ազգերին իրար դեմ չհանեն, որովհետև կամ հիվանդ են (խմբ․ սա անողները), կամ դիտավորյալ քայլ է երկու ազգի հանդեպ»,- ասել է Սահակյանը։
Վրացական մամուլը գրում է, որ երկրի ներքին գործերի նախարարությունը գործ է հարուցել կրոնական ծիսակատարություններն ապօրինի խոչընդոտելու հոդվածով։