«Ռենովաբիս» Գերմանիայի կաթոլիկների Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ համերաշխության կազմակերպության նախաձեռնությամբ՝ Բեռլինում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունում՝ Եվրոպայի տանը, տեղի է ունեցել «Armenien. Zwischen Ankommen und Aufbruch» (Հայաստան․ ժամանման և նոր սկզբի միջև) խորագրով պանելային քննարկում։
Այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։
Միջոցառմանը Հայաստանից մասնակցել է նաև աստվածաբանական գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը, բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայի Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Բերնդ Հյութեմանը։ Պանելային քննարկումը վարել է Բեռլինում «Ռենովաբիս»-ի ներկայացուցչության ղեկավար Ռենատե Կրեկելեր-Կոխը։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղից տեղահանված հայերի Հայաստանում ինտեգրման, Հայաստանի եվրոպական հեռանկարի, հասարակության դիմադրողականության բարձրացման և տարածաշրջանային խաղաղության թեմաները։
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանված հայերին ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը և ինտեգրման գործընթացը, շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և Գերմանիային աջակցության համար։
Դեսպանը գոհունակությամբ արձանագրել է տարածաշրջանում հաստատված խաղաղությունը, ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործընթացը։
Հաղորդվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև դիվանագետներ, լրագրողներ, հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ։