l-0x4wh-800x466z-0-9825

COP17 համաժողովի շրջանակում քննարկվել են անվտանգության ապահովման և հասարակական կարգի պահպանման հարցեր

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուներին և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը լայնամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հետևաբար և պատշաճ անվտանգային միջավայրի ապահովման զգալի փորձ ունի։

Նախարարն այդ համատեքստում ընդգծել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ մեծամասշտաբ միջոցառումների անվտանգ և անխոչընդոտ իրականացումը, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանն աշխարհի ամենաապահով երկրներից մեկն է։

Արփինե Սարգսյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ երկխոսելու, ինչպես նաև առաջնահերթություններն ու նպատակները հստակեցնելու կարևորությունը, ինչը թույլ կտա նախապես նույնականացնել հնարավոր մարտահրավերներն ու մշակել արդյունավետ լուծումներ։

Կարևորվել է պատասխանատու այլ պետական մարմինների հետ սերտ փոխգործակցության, անվտանգային միջոցառումների համաժամանակեցման և տեխնիկական մանրամասների հստակեցման անհրաժեշտությունը։

Համաժողովի անվտանգային միջոցառումների համակարգող Իսմեթ Բայրամովիչը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել անվտանգային միջոցառումների համակարգման հարցում ՆԳ նախարարության պատրաստակամությունը։ Նա շեշտել է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն իսկ հաջողվել է կարգավորել ընթացիկ մի շարք հարցեր։

Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կարևորվել է հետագա քննարկումներում պատասխանատու այլ ստորաբաժանումների ներկայացուցիչների ներգրավումը։

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը և Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը պատվիրակության հետ առանձին ձևաչափով քննարկել են համաժողովի ընթացքում իրականացվելիք անվտանգային համալիր միջոցառումների մանրամասները։

Անդրադարձ է կատարվել հասարակական կարգի պահպանմանը, ճանապարհային անվտանգության ապահովմանն ու գործնական այլ մանրամասների։

Ընդգծվել է քաղաքացիների բնականոն տեղաշարժի ապահովման կարևորությունը։ Քննարկվել է այլընտրանքային երթուղիների մշակման հարցը՝ տրանսպորտային հոսքերի հնարավոր խոչընդոտները նվազագույնի հասցնելու նպատակով։

Անվտանգային միջոցառումների իրականացման մանրամասների շուրջ քննարկումները շարունակվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն