ՄԻՊ ԱՆԱՀԻՏ

ՄԻՊ-ը անդրադարձել է ՔՊ-ի քարոզարշավին ուսուցիչների եւ աշակերտների մասնակցությանը | news.am

news.am Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է երեկ արձանագրված փաստին, որ Արագածոտնի մարզում ՔՊ–ի քարոզարշավին դասերի ժամանակ դպրոցների ուսուցիչներ ու աշակերտներ են մասնակցել, որի մասին ահազանգել էին նաև դիտորդական առաքելությունները։

«Մենք երեկ այս հարցի հետ կապված ինքներս մշտադիտարկում ենք իրականացրել և մի քանի հարցումներ ենք ունեցել։ Նաև երեկ ես հրապարակային հայտարարություն եմ տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ճիշտ է, իհարկե, երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներին կարևոր է, իրենք պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին։ Բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ակնհայտ է, որ դա պետք է լինի առաջնահերթ և դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում քաղաքական գործընթացներով պայմանավորված։ Սա կարևոր հայտարարություն էր նաև նախազգուշական նպատակ ունեցող, որովհետև մենք մի դեպքի մասին կարող ենք իմանալ, որը հանրային հնչեղություն ստանա, մյուսը ոչ»,- ասաց նա։

Անահիտ Մանասյանը հավելեց, որ ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում առաջին հերթին կրթության իրավունքը երաշխավորելն է. «Մենք ոչ վարչական ռեսուրսի չարաշահման, ոչ համանման այլ գործընթացների հետ կապված չունենք լիազորություններ, այլ լիազոր մարմիններ կան այդ հարցերի առումով։ Մեր խնդիրը առաջին հերթին կրթության իրավունքի երաշխավորումն է, և մենք դրա համար հատուկ արձանագրել ենք, որ դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի անկախ քաղաքական գործընթացներից։

Մենք ստացել ենք ահազանգ կամավոր եղանակով հավաքի մասնակցության մասին, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը, հետևաբար այդ պրոցեսն ենք ուսումնասիրում»,- ասաց նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել նաև Արագածի և Քուչակի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։ «Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարեցրել ենք մեր ժամերը, եկել ենք»,- ասել է ուսուցիչներից մեկը։

Սրան արձագանքել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն