l-0x171wh-2048x1194z-0-3838-1

Ժնևում ներկայացվել է Դեբեդ-Խրամի անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը

2026 թ. մայիսի 5-7-ը Ժնևում ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է անդրսահմանային գետավազաններում մոնիթորինգի, գնահատման և տվյալների փոխանակման վերաբերյալ գլոբալ աշխատաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Քննարկվող թեմաներն անմիջականորեն առնչվում են Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեությանը։ Աշխատաժողովը կարևոր հարթակ էր միջազգային գործընկերներին հայ-վրացական համագործակցության արդյունքները ներկայացնելու և մասնագիտական քննարկումներին մասնակցելու համար։

Աշխատաժողովի շրջանակում շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրահամյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով Խրամի-Դեբեդ անդրսահմանային գետավազանում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ընթացքը։ Նա անդրադարձել է նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության միջև ստորագրված համագործակցության հուշագրին՝ այն գնահատելով որպես կարևոր քայլ անդրսահմանային համագործակցության և գետավազանի արդյունավետ կառավարման ուղղությամբ։

Ընդգծվել է, որ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային համագործակցության խորացման, ինչպես նաև Խրամի-Դեբեդ գետավազանի արդյունավետ և համատեղ կառավարման ապահովման տեսանկյունից։

ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայ-վրացական համագործակցության շրջանակում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով, որ Դեբեդ-Խրամի գետավազանի համատեղ մոնիթորինգը կարևոր հիմք կհանդիսանա վստահելի տվյալների վրա հիմնված կառավարման արդյունավետ միջոցառումների պլանավորման համար։

Նշվել է նաև, որ համագործակցությունը կնպաստի երկու երկրների մոնիթորինգային դիտացանցերի, դաշտային չափումների և լաբորատոր փորձարկումների մեթոդաբանությունների ներդաշնակեցմանը, տվյալների համադրելիության բարձրացմանը, ինչպես նաև տվյալների փոխանակման տեխնիկական ձևաչափերի միասնական կիրառմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն