Քարոզարշավի 7-րդ օրը Աջափնյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողը հարցրեց՝ արդյոք իրավական գործընթացներին միջամտություն չէ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ Քոչարյանը պետք է նստի կամ խոսում է Ծառուկյանի՝ հետախուզման մեջ գտնվող որդու մասին։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ը հարյուր տոկոսով ու բոլոր մանրամասներով բացահայտված է, իսկ Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի։
Փաշինյանը պատասխանեց՝ միջամտություն չէ․ «Մենք հիմա ՄԻԵԴ որոշում ունենք, որտեղ արձանագրված է, որ այն ինչ տեղի է ունեցել Մարտի 1-ին, տեղի է ունեցել պետության կազմակերպմամբ, և սա պետք է արձագանք ստանա»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ իրենից են պատասխան պահանջում․ «Մարդկանց մոտ տպավորություն է, որ ես կուլիսային պայմանավորվածությունների մեջ ներգրավված ինդուլգենցիաներ եմ բաժանում Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուսին, մյուսին։ Ի վերջո արդարադատությունը պետք է հասնի»։
Փաշինյանը նշեց, որ Մարտի 1-ը բացահայտված է, որովհետև քրեական գործում բոլոր նյութերը կան, բոլոր փաստերը կան, և «պարզ է, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանի կողմից կազմակերպված իրադարձություն է, և նա միանշանակ պետք է պատասխան տա»։
«Ես չեմ միջամտում․ դա որպես քաղաքացի և քաղաքացիների ներկայացուցիչ՝ իմ ակնկալիքն է, որը պետք է հասցեագրվի», – ասաց նա։