Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ քարոզարշավին ուսուցիչների ու երեխաների մասնակցությանը` նշելով, որ դպրոցի տնօրեններին հրահանգել է աշխատանքից հեռացման դիմումներ գրել։
Փաշինյանի խոսքով՝ 4 տնօրեններ են, որոնց դպրոցներից աշակերտ է ներկա եղել։ Փաշինյանը նշեց, որ տնօրենները չեն ազատվի աշխատանքից, նախ ծառայողական քննություն կիրականացվի, «որովհետև էսօր էլ երեխաներ են եղել, որոնք ասել են՝ դասից են փախել»։
«Այն դպրոցների, որոնց հետ խնդիր կար, դիմում են գրել աշխատանքից ազատման, բայց նաև, որ այնպես չստացվի, որ մենք պահի, էմոցիաների ազդեցության տակ ինչ-որ մեկի հանդեպ անարդար վարվենք, մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք, որտեղ պարզվի՝ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն»,- լրագրողների հետ ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը Աջափնյակում քարոզարշավի ընթացքում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր ՔՊ-ի քարոզարշավին ներկա են եղել նաև Արագածի և Քուչակի դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։ «Մենք գիտեինք վաղուց, որ ամսի 13-ին Փաշինյանը լինելու է Ապարանում։ Մենք արձակուրդում չենք, հարմարեցրել ենք մեր ժամերը, եկել ենք»,- ասել է ուսուցիչներից մեկը։
Սրան արձագանքել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ նշելով, որ նախարարությունը քննություն կանցկացնի Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով։