armenpress.am Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ ամենօրյա աշխատանք է իրականացվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջև ընթանում են նախագծի շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։
Փաշինյանն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ընթացքին և այդ ծրագրի իրականացման համար տեղանքի հետազոտման նպատակով ԱՄՆ-ից Հայաստան եկած պատվիրակության այցին։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք ամերիկյան պատվիրակության այս այցը նշանակո՞ւմ է, որ նախագծի իրագործումն արդեն գործնական փուլ է թևակոխել՝ Փաշինյանը նշել է, որ դրա շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում։
«Նախագծի շուրջ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ․ և՛ տարածքների ուսումնասիրություն է տեղի ունենում, և՛ չի բացառվում, որ, օրինակ, որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք՝ երկաթգծի կայարանների և այլնի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ գործընթացի շրջանակներում նաև միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում։
«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ստորագրել այն և դե յուրե ուժ հաղորդել դրան։ Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում ԹՐԻՓՓ-ի շուրջ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։
Նա նաև հավելեց, որ այժմ իրականացվում է ինչպես տարածքի ուսումնասիրություն, ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, կառավարման մոդելների ուսումնասիրություն, այնպես էլ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունել էր Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:
Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:
Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել էր իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը: