img_3767

ՄԻՊ թեժ գիծը 4 ամսում սպասարկել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից 1861-ով ավելի

2026 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել է 5810 հեռախոսազանգ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով զգալի աճ (+1861)։ Այս մասին հայտնում է Պաշտպանի գրասենյակը։

«Զանգերի գերակշիռ մասը վերաբերել է

սոցիալական ապահովությանը,

առողջության համընդհանուր ապահովագրությանը,

երեխաների իրավունքների պաշտպանությանը,

քրեական վարույթներին, ազատությունից զրկման վայրերում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերին։

Թեժ գիծը կոչված է ապահովելու մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հրատապ բնույթ ունեցող հարցերի արագ և օպերատիվ արձագանք, մանդատի շրջանակում անհապաղ միջամտություն և ուղղորդում։

Միաժամանակ, ստացվող զանգերի շրջանակը հաճախ ընդգրկում է հարցեր, որոնք դուրս են Պաշտպանի մանդատից։
Նման դեպքերում, չնայած ծանրաբեռնվածությանը, աշխատակազմի մասնագետները փորձում են յուրաքանչյուր քաղաքացու տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն՝ հնարավորինս ապահովելով նաև համապատասխան մարմիններին ուղղորդումը։

Թեժ գիծը գործում է սահմանափակ մարդկային ռեսուրսներով՝ սպասարկելով մեծ թվով զանգեր, և այդ պայմաններում հատկապես կարևոր է փոխադարձ հարգանքի և կառուցողական հաղորդակցության պահպանումը։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է թեժ գծի ծառայության արդյունավետության բարձրացումը, այս ծառայության օգտագործումը բացառապես վերջինիս հիմքում ընկած նպատակներով և ընդգծում, որ այդ նպատակով կարևոր է նաև Պաշտպանի հաստատության շենքային պայմանների բարելավումը:

Պաշտպանի թեժ գիծը հասանելի է անվճար 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային ժամերին և օրերին՝ 096 116 100 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն