azatutyun.am ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, իսկ Երևանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։
«Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն»,-այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը, պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել էր, թե հունիսի 7-ի ընտրությունները աշխարհաքաղաքական ենթատեքստ չունեն։ «Հայաստանը որդեգրել է բալանսավորված ու բալանսավորման քաղաքականություն։ Եվ մեր քաղաքականության մեջ ոչ մի դավադրություն, ոչ մի «ընդդեմ» գործողություն չկա»։
«Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն այսօր կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, և որևէ որոշում չի կարող ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը», նշել էր նա։