news.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսում է նախընտրական քարոզարշավի ամենշաբաթյա հանրային հաշվետվությունների ձևաչափը։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ամփոփելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքները։
Տոնոյանի խոսքով՝ կուսակցությունը որոշել է յուրաքանչյուր շաբաթ ներկայացնել կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի հաշվետվությունը՝ հանրությանը ներկայացնելու քարոզարշավի ընթացքն ու քաղաքական թիմի գործունեությունը։
«Մարդիկ բարձրաձայնում են անվտանգությանը, սոցիալական խնդիրներին, տնտեսությանը, առողջապահությանը, կրթությանը, արտաքին պարտքի ծավալներին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Մենք ներկայացնում ենք այդ խնդիրների լուծման մեր մոտեցումները՝ հիմնվելով «Առաջարկ Հայաստանին» ծրագրի վրա»,- ասել է նա։
ԲՀԿ մամուլի խոսնակը շեշտել է, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը, ըստ կուսակցության, սկզբունքորեն տարբերվում է մինչ այժմ ներկայացված մյուս նախընտրական ծրագրերից, քանի որ այն «մարդկանց կողմից ստեղծված և մարդկանց մասին ծրագիր է»։
Տոնոյանը նաև հայտարարել է, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ձևավորվել է ԲՀԿ-ի նոր քաղաքական կարգախոսը՝ «Պատրաստվեք լավ փոփոխությունների, պատրաստվեք նոր փոփոխությունների», որը, նրա խոսքով, ծնվել է քաղաքացիների հետ անմիջական շփումների արդյունքում և արդեն լայնորեն օգտագործվում է թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ քաղաքացիների կողմից։
Անդրադառնալով քաղաքական մթնոլորտին՝ Իվետա Տոնոյանը կոչ է արել ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերին պահպանել քաղաքական կոռեկտությունն ու կառուցողականությունը։
«Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի մեկնարկին քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ հստակ նշել է՝ որևէ օպոնենտի նկատմամբ ցեխ չշպրտել։ Սակայն եթե լինեն անարդար քննադատություններ կամ վիրավորանքներ, բնականաբար դրանց տրվելու են համարժեք պատասխաններ: Մենք երբեք նախահարձակ չենք լինելու, պահելու ենք բարեկրթության բոլոր նորմերը, սակայն, եթե հնչում են գնահատականներ, բնականաբար դրանց տրվելու են նաև համարժեք պատասխաններ»»,- նշել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում